ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ունեն խնդրի լուծման նկատմամբ իրենց հայացքները: Գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Դա կողմերի դիրքորոշումների մոտեցում է ենթադրում՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են լինել: Դա միջազգային, դիվանագիտական աշխատանքի պրակտիկան է՝ գտնել լուծման ուղիներ չկարգավորված խնդիրների համար»,- նշել է Զախարովան:

Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջընթաց է պահանջում, այդ իսկ պատճառով հատկապես վերջին շրջանում ավելի են ակտիվացել շփումները, որոնք իրականացվում են տարբեր ձևաչափերով: «Ռուսաստանը՝ որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի, սակայն ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նա հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն կտարածեն՝ գնահատական տալով խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է առաջիկայում հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև, Զախարովան տեղեկացրել է, որ այս պահին որևէ հստակ տեղեկություն չկա: «Մենք կտեղեկացնենք հնարավոր հանդիպումների կազմակերպման պարագայում»,- ասել է նա:

Զախարովան չի բացառել, որ հունիսի 20-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի՝ Մոսկվա կատարելիք այցի շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը մի շարք միջազգային հարցերի շարքում կքննարկվի նաև ղարաբաղյան հիմնահարցը. «Դա բնական է, մենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ երկխոսության մեջ ենք նաև այս հարցում: Հետևաբար քննարկումները չեն բացառվում»,- տեղեկացրել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել