Համաձայն ԱՎՊԿ տվյալների՝ 2010թ. Ադրբեջանից արտահանումների գումարային ծավալը կազմել էր $20.5 մլրդ (ընթացիկ գներով): Անցած 10 տարիների ընթացքում այս առումով ռեկորդային էր 2008թ., երբ արտահանումների գումարային ծավալը կազմել էր $47.13 մլրդ:

Արտահանումներում առյուծի բաժինը պատկանում է ածխաջրածիններին, առաջին հերթին` հում նավթին: Հենվելով Ադրբեջանական վիճակագրական պետական կոմիտեի տվյալների 2006-10թթ. համար Ադրբեջանից արտահանվող հիմնական ապրանքների ցանկին` հում նավթ, դիզվառելիք, շաքար, շարժիչային բենզին, թարմ միրգ, կերոսին, գումարային ծավալները գերազանցում են $100 մլն ցուցանիշը: Ածխաջրածնային ապրանքներից զատ՝ արտահանումներում տեղ են գտել միայն գյուղատնտեսական բնույթի երկու ապրանք` շաքար (մոտ $146 մլն 2010-ին) և միրգ (մոտ $112 մլն 2010-ին): 2008-11թթ. ժամանակահատվածի համար ոչ ածխաջրածնային ապրանքների բաժինն ընդհանուր արտահանումներում չի գերազանցել 2.0% ցուցանիշը:

Մինչ Ազերի-Չիրագ-Գյունեշլի «հիմնական նավթի» փուլի մեկնարկը՝ արտահանումը կազմել է մոտ 85%: Հետագա տարիներին այս մասնաբաժինն աճել է՝ հասնելով մոտ 95%-ի: Այս ցուցանիշը պահպանվել է նաև 2011 և 2012թթ. համար: Ռեկորդային` 2008-ին հում նավթի և նավթամթերքների մասնաբաժինն ընդհանուր արտահանումներում կազմել է 98%: Նկատենք, որ Ադրբեջանական վիճակագրական պետական կոմիտեի տվյալները չեն ֆիքսում հարակից և բնական գազի արտահանումների ծավալները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահանումների համար վերցված Ազերի-Չիրագ-Գյունեշլի հարակից գազի ծավալները չէին ֆիքսվում նաև BP/AIOC (Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերություն) կոնսորցիումի սովորական պրոցեդուրաների միջոցով, առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գազի այս արտահանումները սպասարկում էին թե՛ Ադրբեջանական իշխանական օղակների աշխարհաքաղաքական ամբիցիաները, թե՛ դրանց գրպանները:

Ադրբեջանից ԱՊՀ երկրներ արտահանումների ծավալները ($ մլն), նչպես հետևում է բերված տվյալներից, անցած 5 տարիների ընթացքում նկատելի է ՌԴ և հատկապես Ուկրաինա արտահանումների ծավալների շեշտակի աճը համապատասխանաբար 2007թ. և 2008թ. սկսած: Իտալիան Ադրբեջանից արտահանումների (հում նավթ) բացարձակ առաջատարն է: 2006թ. արտահանումներն Իտալիա կազմել էին մոտ $3.0 մլրդ կամ այդ տարի Ադրբեջանից աշխարհի այլ երկրներ (բացի ԱՊՀ երկրներից) արտահանումների մոտ 50.0%-ը: 2011-ին այս ցուցանիշները կազմում էին $9.34 մլրդ և 40% համապատասխանաբար: 2008-ին, Ադրբեջանից հում նավթի արտահանումների ռեկորդային տարում, դրանք կազմել էին $19.22 մլրդ և 41.2% համապատասխանաբար:

Համաձայն ԱՎՊԿ տվյալների, անցած 10 տարիների ընթացքում Ադրբեջան ներկրումների գումարային ծավալներն ընդհանուր առմամբ հաստատուն են և տատանվում էին $10.5-11.5 մլրդ-ի սահմաններում: Ներկրումների մեջ ամենազգալի մասնաբաժինը պատկանում է ավտոմեքենաներին: 2008թ. Ադրբեջան է ներկրվել մոտ 89 հազ. մարդատար ավտոմեքենա` մոտ $649 մլն ընդհանուր արժողությամբ: Իսկ 2010-ին` ընդամենը 52 հազ. հատ՝ մոտ $452 մլն ընդհանուր արժողությամբ: Ներկրումների գումարային ծավալներով առաջինը ՌԴ-ն է, որից ներկրումները Ադրբեջանը 2010թ. կազմել են $1.145 մլրդ: Թուրքիան վերջին 4 տարիներին կայունորեն 2-րդ տեղում է: 2009-ին ներկրումները Թուրքիայից կազմել էին մոտ $900 մլն: Հարկ է նշել, որ նկատելի է դառնում Չինաստանից ներկրումների գումարային ծավալների ավելացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել