ԱՄՆ-ի Սենատը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը։ Սա նշանակում է, որ առնվազն գալիք տարում ռուս-ամերկյան հարաբերությունների բարելավվում դժվար նկատվի։ Սրա մասին, հիշեցնենք, երեկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել էր, որ դեմ է պատժամիջոցների երկարաձգմանը, քանի որ դա պարզապես անտրամաբանական է։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորել ու վերականգնել, ապա այս պարագայում սանկցիաները կարող են միայն բացասական երանգ հաղորդել այդ ջանքերին։ Սրանք էին Թիլլերսոնի բացատրությունները, որոնց հետ, համաձայնեք, դժվար է չհամաձյանվել։ Թե ինչ հիմունքներով է Սենատը նման որոշում ընդունել, որտեղ, ի դեպ, մեծամասնությունը հանրապետականներ են, դեռ հայտնի չէ, քանի որ այն դեռ ներկայացվելու է Կոնգրեսին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հարցում հստակ տարաձայնություն կա ԱՄՆ օրենսդիր ու քաղաքական ղեկավարության միջև։ Թե որքան հեռու կգնան դրանք, ցույց կտա ժամանակը, սակայն այս հարցում դեռ իր վերջնական խոսքը չի ասել նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի դեպ՝ վերջինս երեկ երկարաձգել է նաև Բելառուսի հանդեպ պատժամիջոցները՝ դրանք պատճառաբանելով նրանով, որ վերջինիս առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ճնշում է գործադրում այլախոհների վրա, իսկ տնտեսական հարցերում հույսը դնում է ռուսական սուբսիդիաների վրա։ Մի խոսքով՝ մոտ ապագայում Ռուսաստան-Ամերիկա հարաբերություններում փոփոխություն ակնկալելը, մեղմ ասած, միամտություն կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել