Օրվա խորհուրդը /01.04.2012/
Ծաղկազարդ
Սուրբ Հարության տոնից` Զատիկից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուս մուտք է գործում Երուսաղեմ եւ արժանանում ժողովրդի փառավոր ընդունելությանը: Կատարվում է հինկտակարանյան մարգարեությունը, թե` ՙԱսացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը` հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա՚ (Զաք. 9:9):
Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրում են բոլոր ավետարանիչները, մանրամասնելով, թե ինչպես ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ է դիմավորում Տիրոջ գալուստը: ՙԵւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա՚ (Մատթ.21:9): Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. ՙՕվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով՚ (Հովհ. 12:13):
Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:
Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին` խրատելով ապրել այնպես, որ արժանի լինեն Տիրոջ առջեւ կանգնելու եւ բացականչելու. ՙՕվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով՚:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել