Yerkir.am-ը գրում է.
ՀՅԴ-ն արդեն կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակին ծանոթ է: «Մեզ հետ քննարկումներ են եղել: Կարող եմ վստահաբար ասել, որ համապարփակ և շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ոլորտային հստակ առաջադրանքներով»,- այսօր խորհրդարանում  լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ասաց, որ խորապես համոզված է` դա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, թե տարի առ տարի որ ոլորտում ինչ պետք է կատարվի, ինչը ենթադրում է նաև հստակ պատասխանատվություն: «Հստակ նշված է` այս բանն անել, օրինակ, հնգամյա ժամկետում»,- ասաց  պատգամավորը՝ հավելելով, որ նախորդ ծրագրերում այսպիսի մանրակրկիտ ձևակերպումներ ու մատնանշված անելիքներ չկային:

Վարդանյանի խոսքով՝ վտահաբար կարելի է ասել, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների փուլ: «Հարկային, մաքսային ոլորտներում, դատական համակարգում, տնտեսության տարբեր ճյուղերում այդ փոփոխությունների նախաքայլերն են կատարվում»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ խոստացված 850 միլիոնի ներդրումներն ուշանում են, Վարդանյանն արձագանքեց այսպես. «Ներդրումներն արդեն սկսել են լինել, տարին կես է և մի ակնկալեք, որ մեկ օրում 850 միլիոնը կտեսնեք»:

Հարցին՝ կարևո՞ր չէ, թե 2018-ին ով է ծրագիրը շարունակելու իրականացնել, եթե հստակ չգիտեն, թե մեծամասնությունից ով է  վարչապետը լինելու, Վարդանյանը պատասխանեց. «Մի ՛ սևեռվեք մի հարցի վրա, որն այսօր գոյություն չունի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն խնդիրները, որոնք ձևակերպված են ծրագրում, մեր երկրում պիտի իրականացվեն, էական չէ, թե  ով է իրականացնելու, կարևորը խնդիրներն են, մենք երբևէ անձերից խոսե՞լ ենք: Եթե խնդիրը ճիշտ ես ձևակերպում, լուծումներ կգտնվեն: «Դաշնակցություն»-ը կուզենար, որ այն փոփոխությունները, որոնք երկրում սկսել են և այն խնդիրները, որոնք ձևակերպվել են՝ նաև  ՀՅԴ-ի ակտիվ միջամտությամբ, լուծվեն, անձերը կարևոր չեն: Կարեն Կարապետյանի այսօրվա գործունությունը լիովին բավարարում է «Դաշնակցությանը»՝ իր եռանդով, էներգիայով, կոնցեպտուալությամբ, խնդիրներ դնելու և լուծելու կարողությամբ»,-ընդգծեց նա:

 Հարցին՝ հակասություններ չկա՞ն վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների միջև, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բացարձակապես: Կառավորությունը ձևավորվել է ընդամենը օրեր առաջ, հիմա աշխատում են»:

Արձագանքելով դիտարկանը, թե վարչապետը հանձնարարել էր օպտիմալացում իրականացնել կրթության ոլորտում և պատասխանելով հարցին, թե դա փորձությո՞ւն չէ «Դաշնակցության» համար, Վարդանյանը պատասխանեց.

«Դուք լսել եք նախարարի ելույթները, բնական է, որ երկրում պետք է օպտիմալացում իրականացվի, բայց ի՞նչ է նշանակում օպտիմալացում, ինչպիսի՞ լուծումներ կգտնվեն, բնականաբար, այստեղ փորձառու նախարարը կգտնի այնպիսի լուծումներ, որոնք միայն կնպաստեն կրթության ոլորտի որակի և արդյունավետության բարձրացմանը»: Վարդանյանի խոսքով՝ ամենօրյա քննարկումներ են լինում, որոնք կօգնեն գտնել արդյունավետ լուծումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել