* The New York Times-ի այցելուների 27%-ը բջջային հավելվածներով է մուտք գործում ու ապահովում էջերի դիտումների 37%-ը։
* Այսօր ունեն 13 մլն նամակային բաժանորդագրված մարդ, ինչը շուրջ 2 անգամ շատ է, քան 3 տարի առաջ։
* Wall Street Journal-ն ունի 1,2 մլն վճարովի ընթերցող: Տարեկան բաժանորդագրումն արժե $278, այսինքն՝ տարեկան մոտ $340 մլն։
* The Washington Post-ն ունի 0,5 մլն վճարովի ընթերցող ու էժանացնում է գինը՝ լսարանը մեծացնելու համար։ Տարեկան բաժանորդագրումն արժե մոտ $50 (բարդ հաշվարկ է, տարբեր ծառայությունների ու տարբեր երկրների համար տարբեր գներ են)։ Շատ կոպիտ հաշվարկով բերում է մոտ $50 մլն։
* The New York Times-ը չի բացահայտում վճարովի ընթերցողների թիվը, բայց կարծում եմ՝ այն ավելի շատ է, քան վերոնշյալ երկուսը միասին վերցրած։
* Ընդհանուր կազմակերպության գումարային շրջանառությունը, ըստ ղեկավարության հայտարարության, կազմում է մոտ կես միլիարդ դոլար։
Երբ 2012 թվականին Միացյալ Նահանգներում էի, հանդիպումներ էինք ունենում լրատվական շատ լուրջ ընկերություններում՝ Washington Post, Tampa Bay Times, Seattle Times ու շատ ուրիշներ։ Բոլորի գլոբալ դարդը՝ ինչպես ստիպել մարդկանց նորից սկսել վճարել լուրերի համար։ Համացանցը դարձրեց տեղեկությունն այն աստիճան արագ ու հասանելի, որ լուրջ լրատվականները կանգնել էին սնանկացման եզրին։
Լուծումը գտնվել է երկար ու տաժանակիր աշխատանքի արդյունքում։ Թույլերը, ծույլերը, փոփոխությունների անպատրաստները փակվեցին։ Ընդ որում՝ շատ մեծ քանակով։ Սրանք այսօր եկամտաբեր են։ Հիմնականում նրա հաշվին, որ տալիս են այն աստիճան ունիկալ բովանդակություն, այն աստիճան որակով ու մշակված, որ մարդիկ հրաժարվում են անվճար աղբյուրներից օգտվել ու միանում են վճարովի ընթերցողների շարքին։
Ու միևնույն է, համոզված եմ, անգործության մատնվեն, չգնահատեն նոր մեդիայի հնարավորությունները, անտեսեն ծրագրավորողներին, դիզայներներին, տվյալների հավաքագրման, վերլուծության ու վիզուալիզացիայի մասնագետներին, չձևափոխեն իրենց հարթակները ըստ նոր համակարգչային բացահայտումների, ապա անպայման կլրացնեն մեծ ավանդույթներ ունեցող, բայց ցավալի կերպով փակված լրատվականների շարքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել