Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 11-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի է ունեցել երգչուհի Նառայի դստեր` Էլեոնորայի պսակադրությունը, որից հետո հարսանեկան արարողությունը շարունակվել է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Asekose.am-ը զրուցել է Նառայի հետ կարևոր ու հուզիչ օրվա մանրամասների, նախապատրաստական աշխատանքների, իր հույզերի մասին և ոչ միայն:

«Ի սկզբանե ցանկանում էի, որ հարսանիքը ուրախ ու ջերմ մթնոլորտում անցնի, և ի ուրախություն ինձ` ամեն ինչ մեր ծրագրավորածի պես անցավ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այդ օրը մեզ հետ կիսեցին մեր ուրախությունը: Համացանցում այն բնութագրում են նաև իբրև ճոխ, սակայն դա մարդկանց կարծիքն է, ես փորձել եմ անել ճաշակով մի բան, և դա ինձ մոտ ստացվել է»,-նշեց Նառան:

Զրույցի ընթացքում երգչուհին հպարտությամբ նշեց, որ կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է դուստրը:

«Նախապատրաստական աշխատանքներին որոշ չափով մասնակցել եմ, սակայն հիմնականում ամեն ինչով զբաղվել է դուստրս: Դստերս հարսանեկան զգեստը գնել էինք Բեյրութից: Հեշտությամբ է ընտրել զգեստը, քանի որ հստակ գիտեր, թե ինչպիսի զգեստ էր ուզում: Թեև ես` որպես մայր, նրան խորհուրդներ տվել եմ, սակայն ամեն ինչ որոշողն ու թելադրողը եղել է դուստրս: Ես ու Էլեոնորան մայր ու դուստ լինելուց բացի, նաև շատ լավ ընկերուհիներ ենք, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ ես ու մայրս էլ ենք եղել ընկերուհիներ, իսկ նման երևույթի միշտ չէ, որ կարող ես հանդիպել: Ես հիացած եմ իմ աղջկանով, և առհասարակ, այսօրվա բոլոր երիտասարդներով, քանի որ բոլորը հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ուրախ եմ, որ մեր երիտասարդները շատ ավելի կայացած են»,- նշեց մեր զրուցակիցը:

Այն հարցին` արդյո՞ք երգչուհին  նույն ապրումներն է ունեցել ինչ որդու` տարիներ առաջ կայացած հարսանիքի ժամանակ,  Նառան նշեց.

«Ինձ թվում էր, որ լարվածությունը ու հուզված վիճակն արդեն անցել է, որ աղջկաս ամուսնացնելու ժամանակ ավելի հանգիստ կլինեմ, չեմ հուզվի ու լարվի, որ այսպես ասած` սովորած կլինեմ, սակայն հարսանիքի օրը համոզվեցի, որ հակառակը` ավելի լարված ու նյարդային եմ»:

Երգչուհին խոստովանեց, որ հարսանիքի օրը չի կարողացել զսպել արցունքները. «Ճիշտ է, ես հուզված էի, սակայն կարծում եմ` դա նորմալ է, որ ծնողներն այդ օրը լարված ու հուզված են: Կարող եմ ասել, որ հուզված ու լարված վիճակս այսօր նոր անցել է (ժպտում է): Սկսեցի լաց լինել, երբ աղջկաս տնից հանում էի, սակայն հետո արդեն եկեղեցում և ռեստորանում կարողացա ինձ հավաքել, քանի որ չէի ցանկանում փչացնել աղջկաս տրամադրությունը: Ուրախանում ես, որ աղջիկդ ամուսնանում է իր սիրած տղայի հետ, որ երջանիկ է, նոր կյանք է ստեղծում, պարզապես այդ րոպեին գիտակցությունդ չի աշխատում, ինքդ էլ չես հասկանում` ինչու ես լացում», -պատմեց Նառան` հավելելով, որ զույգն ամուսնությունից հետո մեկնել է Մալդիվներ:  

Հիշեցնենք, որ Էլեոնորան նախորդ տարի էր նշանադրվել Արամի հետ, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր որդին է:

Նշենք, որ խնջույքին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Թաթան, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Միքայել Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Գրիգորյանը` դստեր հետ, Անիտա Հախվերդյանը, Հրաչ Քեշիշյանը, Տիգրան Պետրոսյանը, Գրիգոր Նազարյանն ու Լիլիթ Մարգարյանը և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել