Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։

Ինչպես Ալավերդիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արա Ղազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, ովքեր դեպքի վայրում տեղազննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել է հրազեն և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։ Կրակոցների հետքեր են հայտանբերվել նաև սուպերմարկետի ապակիների վրա։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողին հենց դեպքի վայրում վնասազերծել են ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ աշխատակիցները և նրան բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վալերի Դավթյանն է։ Դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ նա մի քանի անգամ կրակել է իր զոհի վրա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել