«Գյումրու Սայաթ-Նովա փո­ղոցի սկզբնամասում տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործի շրջանակներում կա ձերբակալ­ված անձ: Նա «Շիրակ» ԳԳՄ տնօրենի՝ Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է՝ Խաչիկ Պողոսյանը:
 
Հիշեցնենք, որ Թատերական հրա­պարակի հարևանությամբ գտն­վող «Վերանդա» սրճարանի հարևանությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, որը բնակիչ­ների փաստմամբ ընթացել էր կրա­կոցներով, հարուցվել է քրեական գործ, ք.օ. 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն կատարելը և 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխա­նության ներկայացուցչի նկատ­մամբ բռնություն գործադրելը:
 
Armtimes.com-ը դեպքից անմիջապես հետո տեղեկացրել էր, որ վիճաբանող կողմերը եղել են Ամիրբեկյանի վարորդը՝ Խաչիկ Պողոսյանը, և Գյումրու ավագա­նու անդամ, գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը:
 
Ի դեպ, Խաչիկ Պողոսյանի հայրը Անդրանիկ Պողոսյանը, որը Գյումրիում հայտնի անձնա­վորություն է, ժամանակին լուրջ պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ԱԻՆ Շիրակի մարզային վարչու­թյան պետ: Նա լուրջ կապեր ունի շատ կառույցներում, և նրա խոս­քերից կարելի է ենթադրել, որ նա որդու մասնակցությամբ տեղի ու­նեցած սկանդալային գործը «ջրելու» է երկու օրից:
 
Պողոսյանը Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով որդու մասնակցությամբ տեղի ու­նեցած միջադեպին, որը, ըստ թաղի բնակիչների, ուղեկցվել է կրակոցներով, ասաց. «Կրակոց չի եղել, դա սուտ է և հերյուրանք: Բերեք ես ձեր մյուս հարցերին պատասխանեմ երկու օրից: Ես այդպես եմ հարմար գտնում»,- Armtimes.com -ին փոխանցեց Պո­ղոսյանը:
 
Անդրանիկ Պողոսյանն այս հարցը, հավանաբար, ցանկա­նում է լուծել երկու օրվա ընթաց­քում: Գազի գրասենյակի որդեգրած սկզբունքների համաձայն, հավանաբար երկու օրից կհայտնվի նաև Վարդան Եդիգարյանը և կհայտարարի, որ նրանց միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Այս քաղաքականությունը հարիր է գազի գրասենյակին: Կառույցի աշխատակիցները միմյանց հետ սկանդալային պատմությունների մեջ հաճախակի են հայտնվում, բայց հետո հայտարարում են, թե մտերիմներ են և չունեն տարաձայնություններ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել