Պարզվում է, որ Թեհրանում ահաբեկչություն իրականացրած անձինք սերում են Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի (պրսկ. Օրաման) շրջանից, որտեղ բնակչության հիմնական մասը կազմում է իսլամական միջնադարում Իրանի մերձկասպյան Դեյլամի լեռնային շրջանից դուրս եկած գաղթականությունը, որը խոսում է դմլկերենին (զազայերեն), թալիշերենին և գիլաներենին մոտ գորանի լեզվի բարբառներից մեկով, սակայն էթնիկական ինքնության առումով իրեն նույնացնում է քրդերի հետ:

Այս շրջանի բնակչության հիմնական մասը սուննիական իսլամի շրջանակում հարում է սուֆիական կադիրիյյա ուխտին, որի միջավայրից էլ այսօրվա «Իսլամական պետության» նախահիմք, սպանված ահաբեկիչ ալ-Զարկավիի ղեկավարած «Միաստվածության և հավատո պատերազմի համայնքը» ժամանակին հավաքագրել է որոշակի թվով հետևորդներ, որոնք հետագայում մասնակցել են Իրաքի և Սիրիայի տարածքներում զինված ահաբեկչական գործողությունների:

Պատմությունն ունի տարօրինակ շրջադարձեր. մոտ հազար տարի առաջ հենց այս ահաբեկիչների նախնիները, դուրս գալով Դեյլամից, հայտնի արևելագետ Վլադիմիր Մինորսկիի եզրաբանությամբ՝ ապահովում էին արաբական և սելջուկյան արշավանքների միջև ընկած իրանական քաղաքական և մշակութային վերածննդի «ինտերմեցցոն»՝ Բաղդադի խալիֆներին պահելով որպես խամաճիկներ, իսկ այժմ զինված գործողությունների են գնում հանուն ահաբեկչական կեղծ խալիֆայության գաղափարների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել