ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը ելույթ ունենալով նշեց, որ այդ քվեն վաստակել են դժվարին պայքարում: 

Նա կոչ արեց հիշել, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշն ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար: Նա նշեց, որ հետընտրական կրքերը մեղմելու ժամանակն է: «Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը»,- ասաց նա և նշեց, որ խորհրդանշական տարի է լինելու:

Նախագահն անդրադարձավ Երևանի խնդիրներին, մասնավորապես տրանսպորտային խցանումների, վերելակների հարցերին:


«Որևէ խնդիր լուծելու համար նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, պետք է ուսումնասիրել միջազգային փորձը»,- ասաց նա և նշեց, թե գիտի, որ դա հեշտ խնդիր չէ:

«Տարո՛ն ջան, Երևանը շատ խնդիրներ ունի, ես մի անգամ ասել եմ, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար հիշարժան օրերից մեկն է, Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի օրը դու երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Դու պարտավոր ես գիշեր-ցերեկ աշխատել, որ ավելացնես երևանցիների վստահությունը»,- ասաց նա:

 





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել