«Սիրիական դեմոկրատական ուժերը» (հիմնականում քրդական ջոկատները, նաև որոշ արաբական խմբավորումներ), ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործուն աջակցությամբ, մտել և խորանում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սիրիական կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում: Դատելով առկա իրողություններից՝ կարելի է կանխատեսել, որ, ի տարբերություն իրաքյան Մոսուլի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակող ազատագրության ռազմագործողության, ալ-Ռակկայից իսլամականներն ավելի հեշտ են հրաժարվելու: Իսկ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ամենավերջին արարը տրվելու է սիրիա-իրաքյան սահմանին՝ Սիրիայի Դեր Զոր նահանգում:

Ի դեպ՝ այս իրողությունը քաջ գիտակցում են գործընթացի բոլոր առանցքային դերակատարները՝ և՜ նույն ԻՊ-ը, որը վճռականորեն ամրանում է նշված շրջանում՝ որոշակի «անվտանգության գոտի» ձևավորելով նաև արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղություններով՝ համապատասխանավար ալ-Ռակկայում ու Պալմիրայում, և՜ դեպի նշված սահմանագիծը շտապող սիրիական կառավարական ուժերն ու նրանց դաշնակիցները, և՜ վերջապես սահմանագծի մեծ մասը փաստացի վերահսկող միջազգային կոալիցիան և սիրիական ցամաքում նրա դաշնակիցները...

Այսպիսով՝ արդեն շատ շուտով ականատես կլինենք ոչ միայն ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական պայքարի եզրափակիչ փուլին, այլև ծայրահեղական կառույցի դեմ գործող երկու հակառակորդ կոալիցիաների աննախադեպ սկզբունքային մրցակցությանը, որը, ի դեպ, կարող է նաև արհեստականորեն ձգձգել նույն հակաահաբեկչական պայքարի եզրափակիչ փուլը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել