Ինձ համար ցավալի է, որ ԵԼՔ-ը կողմ քվեարկեց այս «ազդարարի» օրինագծին: Իրականում այս օրինագծում շատ վատ բան կա թաքնված: Այն պարզապես ևս մեկ գործիք է դառնում իշխանության ձեռքին՝ հնարավոր անհնազանդներին կամ կամակորներին կարգի հրավիրելու համար:

Օրինակ՝ նախընտրական շրջանում կոռուպցիոն ռիսկեր ունեցող ցանկացած պաշտոնյա, եթե հանկարծ ջանասիրաբար չաշխատի կամ փորձի չեզոք դիրք գրավել գոնե, կարող է հանկարծ նրա մասին կաշառքի անանուն բողոք ստացվել, և այդ մարդը կձերբակալվի: Դե նախաքննությունը, քննությունը կարող են ամիսներ կամ տարիներ ձգվել, իսկ այդ մարդն այդ ընթացքում կալանավորված կլինի: Հետո կարող են հանգիստ ասել, որ մեղքը հնարավոր չեղավ ապացուցել ոչ բավարար ապացույցների պատճառով, նրան բաց թողել: Բայց դե իրականում նա իր պատիժը կրած կլինի: Իսկ ոչ ընտրական ժամանակաշրջանում կարելի է այսպես հարցեր լուծել, երբ կարիքը լինի:

Այդ իրավիճակում հայտնվող բոլոր մարդկանց վիճակի համար պատասխանատու են լինելու բոլոր այն մարդիկ, ովքեր կողմ են սրան: Ես չէի ուզի, որ իմ կողմից շատ հարգված ԵԼՔ-ի անդամները լինեին այդ մարդկանց շարքերում:

Կարծես թե այս քայլով մոտենում ենք մեր ոչ վաղ անցյալին, երբ մեկը նոր կենցաղային տեխնիկա կամ Վոլգա էր գնում, գոնե մի հարևան լինում էր, ով ծանր էր տանում դա ու գրում էր նրա վրա: Չեմ զարմանա, որ հաջորդ օրինագիծն էլ դրա հետ կապված լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել