«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բոլորս քննադատեցինք ՀՅԴ խմբակցության երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, որը կոռուպցիայի մասին ոչ հրապարակային ազդարարումը համարեց «հայի տեսակին» ոչ վայել և կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներով խրախուսվում է «գործ տալը»: Բայց նա արձանագրել է Հայաստանի բնակչության 90 տոկոսի համոզմունքը:


Ավելին ասեմ՝ թեև մենք՝ քննադատողներս, տեսականորեն համաձայն չենք Անդրանիկի հետ, բայց սովորաբար մենք մեր առօրյա պրակտիկայում վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է պատգամավորը:

Եվ դա վերաբերում է ոչ միայն կոռուպցիային: Երբ երթուղային տաքսու վարորդը ծխում է, արդյոք մենք նրան դիտողությո՞ւն ենք անում: Իսկ երբ մեր նկատողությանն ի պատասխան վարորդը մեզ ուղարկում է հայտնի ռուսական հասցեով, մենք ի՞նչ է՝ գրի ենք առնում մեքենայի համարանիշը ու դիմում ենք քաղաքապետարա՞ն: Ոչ, լավագույն դեպքում մենք էլ նրան նույն տեղը կուղարկենք:


Եվ բոլոր արդարացումները, թե չենք ուզում, որ այս խեղճ մարդը տուժի, որ նա ընտանիք է պահում և այլն, դրանք բոլորը սուտ են: Իրականում մենք վախենում ենք: Վախենում ենք հասարակական կարծիքից և «վատամարդ» դուրս գալուց: Հենց նույն պատճառով էլ մենք պատրաստ ենք առավոտվանից գիշեր օդի մեջ բացականչել՝ «դրանք բոլորը թալանչի են, ավազակ են» և այլն, բայց հենց գործը հասնում է կոնկրետ դեպքին, մենք վարանում ենք ճշմարտությունը հրապարակելուց:


Երբ մաքսայինի աշխատողը մեզնից կաշառք է ուզում, մենք կամ տալիս ենք կաշառքը, կամ ծանոթ ենք փնտրում, որ այդ կաշառքը չտանք: «Բա ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերևներին չմուծվի, այդ համակարգում չի աշխատի»,- կասեք դուք: Դա, իհարկե, ճիշտ է, բայց եթե 100 մաքսավորներից, 100 հարկահավաքներից, կադաստրի 100 աշխատակիցներից 10-ը նստի, արդյոք մնացած 90-ը կմտածե՞ն մուծվելու մասին:


Դուք կասեք նաև՝ պետք է նստեցնել նրանց պետերին, որոնք «նալոգ» են պահանջում, չի լինի պետը՝ չի լինի «նալոգը»: Դա էլ է ճիշտ: Բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, պետերի հետ գործնական հարաբերությունների մեջ չենք մտնում: Պետերի հետ առնչվում են «մուծվողները»՝ նրանք կհամարձակվե՞ն իրենց անունից ահազանգել: Բնականաբար, ոչ: Նրանք, եթե բողոքեն, ապա միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով: Կբողոքեն, եթե մենք հրաժարվենք «գործ տալը» պախարակելու ասիական, կիսագողական պրակտիկայից»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել