Armenpress.am-ը գրում է.
Կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը: «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ հայտնի ջազմենը վախճանվել է հունիսի 8­ին: Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում: Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28­ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։
 Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։ 1986­1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:
 1994 թ. ԱՄՆ­ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։
 «Արմենպրես»­ի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Թութունջյանի հարազատներին ու մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել