Գործ տալ-չտալու սռաչը շատ անգրագետ ու անտաղանդ էր գնում: Առաջ մարդիկ մի բան գրելուց առաջ գոնե Վիկիպեդիա էին մտնում, հիմա դա էլ չկա: Մի դեպք եմ ուզում ձեզ պատմել, որը հայացք է այս թեմային՝ լրիվ հակառակ տեսանկյունից:
2003թ. մի ռուս կին բողոքել էր պաշտպանության նախարարին, որ իր որդին, ծառայության մեջ գտնվելով, հաճախակի փախչում է զորամասից ու տարբեր անհեթեթ պատճառաբանություններով գումարներ է հայթայթում զորամաս հասցնելու համար: Գրությունը նախարար Սերժ Սարգսյանը մակագրել էր (պարզել ու բացի մեղավորներին պատասխանատվության ենթարկելուց՝ մանրամասն զեկուցել իրավիճակը) ՌՈ, և այդ գործը հանձնարարեցին ինձ: Գլուխներդ չցավեցնեմ ավելորդ մանրամասնություններով, սակայն մի քանի օր շատ մեծ ծավալով աշխատելուց հետո ամեն բան պարզեցինք: Պարզվեց՝ միակողմանի ծնողազուրկ «մոլական» զինվորից, որի ազգանունը Շուբին էր, մի այլ զինվոր (որին ճանաչում էի. Գեղարդի վանքի աղունիկ վաճառող երեխաներից էր՝ Ահարոնը) պարբերաբար շորթել է գումար: Խոսքը Չոբանքյարայի զորամասի մասին է: Ամեն բան պարզվեց, ու բոլոր վկաներին ու կասկածյալներին «լսելուց» հետո երեկոյան արդեն ուշ ժամի պետք է հարցաքննեի վկաներից վերջինին, ու գործը կարելի էր արդեն ուղարկել դատախազություն ու գնալ վերջապես տուն: Վկան 19 տարեկան տղա էր: Նա նույնպես հայր չուներ, ապրում էր մոր ու քրոջ հետ Հրազդանում: Ըստ այդ գործի էպիզոդներից մեկի՝ մի անգամ Ահարոնը այդ հրազդանցի տղային էր ուղարկել Շուբինից փող վերցնելու: Այդ մասին գրել էին բոլոր վկաները, նույնիսկ Ահարոնն էր գրել, որ հրազդանցուց էլ էր փող վերցրել ու ստորացրել: Հրազդանցին այդ գործով պետք է անցներ կա՛մ վկա, կա՛մ տուժող: Ես արագ ուզում էի վերջացնել այդ վերջին ցուցմունքն ու գնալ տուն: Կանչեցի այդ տղային:
- Նստեք ու մանրամասն գրեք, թե ում ցուցումով եք գումար վերցրել Շուբինից:
- Ոչ մեկի, պարոն ոստիկան:
- Այսի՞նքն։ 
- Ինձ գումար էր պետք, Շուբինից վերցրի:
- Տղա ջան, Շուբինից ով ա ասել՝ գումար վերցնես։
- Ոչ մեկ:
Սա ասելիս վկան ընդունեց «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» հերոսական հայացքը: Չդիմացա, ժպտացի, շատ դեղնակտուց էր:
- Լսիր, զինվոր, անիմաստ հերոսությունը թող, ու ոնց եղել է, ճիշտը գրի:
- Ասում եմ ձեզ՝ ինձ ոչ մեկ չի դրդել, ես ինքնակամ գնացել եմ, Շուբինից փող եմ վերցրել:
- Դու գիտակցո՞ւմ ես խոսքերիդ հետևանքը։ Եթե քո ասածով գնա, դու էլ վկա չես լինի, քեզ մեղադրանք կառաջադրվի շորթումով, իսկ այդ հոդվածով մինչև 5 տարի ազատազրկում կա: Մայրիկիդ ու քրոջդ ո՞վ է պահելու։ Մտածե՞լ ես իրենց մասին։
- Ես ավելացնելու բան չունեմ,- շարունակեց մերօրյա Զոյա Կասմադեմյանսկայան, ում մայրիկը երևի սովորեցրել էր, որ խաբարբզիկությունը վատ բան է:
Մինչև գիշերը 1-2-ը ինչ ասես չփորձեցի՝ էլ խնդրեցի, վախեցրեցի, ջղայնացա, ընկերական համոզեցի… Չէ ու չէ, զինվորը կատեգորիկ հրաժարվում էր օբյեկտիվ ճշմարտությունը գրելուց: Նա թաքցնում էր ճշմարտությունը, իսկ սուտը նրան բանտ կտաներ: Մի քանի օրվա անքնությունից արդեն տանջվում էի, ի վերջո բարկացա:
- Վերջ, էլ չեմ համոզելու, ոնց մտքովդ անցնում ա, գրի ու գնա: Դու՝ քո ճակատագրի տերը:
Զինվորը անվրդով գրեց այնպիսի բացատրություն, որը հիմք կարող էր լինել իրեն որպես մեղադրյալ ներգրավելու:
Դուրս եկա վարչությունից, խիղճս սկսեց տանջել: Էդ տղան հնարավոր ա դատվի չարածի համար: Նույնիսկ փող չունեն՝ նորմալ փաստաբան վարձեն: Մեքենայի մեջ մի հատիկ սիգարետ ծխելուց հետո վերադարձա վարչություն: Զանգեցի մեկուսարանի պետին, խնդրեցի՝ նորից ինձ մոտ բերեն այդ զինվորին:
Զինվորի հերոսական կեցվածքը չէր փոխվել: Շարունակում էր գործ չտվող տղու դիրքերում մնալ:
- Ահարոնը հեղինակությո՞ւն ա ձեր զորամասում։
Զինվորը գլուխը կախեց ու չպատասխանեց:
- Վախենում ես Ահարոնից, դրա համար ճիշտը չես գրո՞ւմ։
- Ահարոնը իմ ընկերն ա։
- Դե, ուրեմն՝ լսի՝ ինչեր ա գրել ձեր զորամասի հեղինակությունը ու քո կարծիքով՝ քո ընկերը:
Սկսեցի կարդալ Ահարոնի ցուցմունքից մի հատված: Երբ վերջացրի, տեսա՝ զինվորը նստած լացում է: Անսպասելի էր, որ իր համար հեղինակությունը ամեն բան մանրամասն և ճիշտ գրել էր: Մինչև լույս նա աթոռին փլված հեկեկում էր իմ սենյակում: Ջարդուփշուր էր եղել ներսում ամեն ինչ: Մինչև լույս ես նրան հանդիմանում էի ու կյանք սովորեցնում:
Նա 19 տարեկան էր, ես՝ 22:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել