2003 թվականին աշխատում էի Ռազմական ոստիկանության ՕՀԲ հետախուզական բաժանմունքում: Մի գեղեցիկ ու արևոտ օր օպերատիվ ինֆորմացիա ստացվեց, որ զորամասերից մեկի հրամանատարը հանցավոր պայմանավորվածության է եկել բենզալցակայաններից մեկի տիրոջ հետ ու իր զորամաս բերվող ամսական բենզինի ահռելի մասը նույն օրը մեքենաները բարձած տանում, հանձնում է այդ բենզալցակայան (այդ ժամանակ բենզինը առձեռն էին ստանում, ոչ թե կտրոնով): Մի խոսքով՝ օպերատիվ խմբի կազմում գնացի, դարանակալեցի ու բանակի բենզինի ապօրինի վաճառքի պահին, հենց տեղում ձերբակալեցինք հրամանատարին ու մասնակից էլի մի քանի հոգու:
Երբ օպերատիվ գործողությունից վերադառնում էինք վարչություն, ճանապարհին մտածում էի: Չէ, այդ գող հրամանատարի մասին չէի մտածում, հավատացեք, գողեր ամեն տեղ ու ամեն ժամանակներում եղել են: Ես մտածում էի բենզալցակայանի տիրոջ մասին: Փորձում էի պատկերացնել գողի ու նրա երկխոսությունը:
- Ախպեր ջան, մեր հայակական բանակից գողացած բենզին կա, կարո՞ղ ա ուզես։
- Էժան տաս, իհարկե, կուզեմ ու մեկ էլ, ինչքան հնարավոր ա, մեծ քանակ բեր:

Հասկանում եք, որևէ նորմալ, քաղաքակիրթ երկրի բանակում որևէ գող հայտնվի ու փորձի բենզալցակայանի տիրոջը իր իսկ երկրի բանակից գողացած բենզին առաջարկի, նրան իսկույն կհանձնեն ոստիկաններին որպես թշնամու գործակալ: Որովհետև միայն թշնամու գործակալը կարող է ներսից թալանել, թուլացնել, քանդել պետությունը, իսկ նմանների նկատմամբ պետք է լինել ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ: Իհարկե, հեշտ է լինել հանցագործ ենթամշակույթի կրող ու պատասխանատվությունը շուռ տալով իրավապահների վրա հով ու երջանիկ ապրել: Դժվար է սեփական երկրում մեծ շաբաթօրյակ կազմակերպել ու սկսել հենց սեփական տնից ու բակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել