Panarmenian.net-ը գրում է.
Հունիսի 7-ին ԱԺ-ն քննարկել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների փաթեթը:

PanARMENIAN.Net - Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ նման փաթեթի ընդունումը «գործ տալու» ինստիտիուտի ներդրում է, ինչը հարիր չէ հայ ազգին:

PAN-ը պատկերացրել է՝ ինչպես կանցնեն ԱԺ նիստերը ոչ հեռավոր ապագայում, եթե խորհրդարանում շարունակեն տեղ տալ «ճշտին»:

6 հունիսի, 2047 թ., ԱԺ նիստ

ԽՈՍՆԱԿ. Հարգարժան պատգամավորներ, Ազգային ժողովի հերթական նստաշրջանում խմբակցությունների քննարկմանն է ներկայացվել կառավարության կողմից արդեն իսկ հաստատված «Ճշտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արձակուրդի ընթացքում այն հանրային լայն քննարկման առարկա էր դարձել: Ելույթի համար խոսքը տրվում է օրինագծի համահեղինակ, իշխող «Նոյյան տապան և Արարատ» խմբակցության անդամ Նահապետ Միքայելյանին:

ՆԱՀԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, պատգամավորներ: «Ճշտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին ՀՀ օրենքի նախագիծն, ինչպես գիտեք, սահմանում է մի շարք օրենսդրական նոր մոտեցումներ, որոնց հիմքում ընկած է «Երկու ճշտերի մասին» հայեցակարգը: Երկարատև քննարկումների արդյունքում մենք հասկացանք, որ «Մեկ ճիշտ-մեկ ազգ» հայեցակարգն այլևս իրեն չի արդարացնում արդի ժամանակահատվածում, քանզի կոնֆլիկտներ են առաջանում վերջերս ընդունված մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի հետ: Օրինակ, մայիսի 11-ին ընդունված «Գրվելու կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում նշվում է, որ, մեջբերում եմ, «Գրվելը, գործ տալը, կամ ցուցմունքը հիմք են քաղաքացուն կոտրելու ու ստորացնելու համար»: Միաժամանակ, նույն օրենքի 3-րդ հոդվածի 2.3 կետում նշվում է, որ «Եթե գրվել է արդեն իսկ գրվողի դեմ, այս դեպքում քաղաքացին ազատվում է պատասխանատվությունից»: Փաստացի, օրենքը երկու մոտեցում, երկու ճիշտ է ամրագրում, և նման օրինակները բազմաթիվ են: Այդ իսկ պատճառով ճշտի ինստիտուտը պետք է վերանայել: Շնորհակալություն:

ԽՈՍՆԱԿ. Շնորհակալ ենք, պարոն Միքայելյան: Ձայնը տրվում է ընդդիմադիր «Ճակատային մաս և Սուրբ Հող» խմբակցության քարտուղար Սրապիոն Վանանցյանին:

ՍՐԱՊԻՈՆ ՎԱՆԱՆՑՅԱՆ. Շնորհակալություն: Հարգելի պարոնայք, նախ շեշտեմ, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու սույն փաթեթին: Սակայն, հիմնականում համաձայն լինելով օրենքի ընդունման անհրաժեշտության հետ, մենք նաև մի շարք նկատողություններ ունենք: Առայժմ անդրադառնամ հարցի միայն, այսպես ասած, քաղաքական, գաղափարական մասին: Դեռ նախորդ՝ 11-րդ գումարման ԱԺ-ում մեր պատգամավորներն առաջարկում էին երկու ճշտերի կանոնն ամրագրել օրենսդրությունում, որը դուք՝ իշխանությունը, 4 անգամ մերժել եք: 4 նստաշրջան, ամեն անգամ, մենք պարտաճանաչ ներկայացնում էինք մեր առաջարկությունների փաթեթը Ճշտի և էթիկայի մշտական հանձնաժողով, 4 անգամ էլ մերժել եք: Այդքան կանցավիկ, ճշտի մեռած տղա էիք, ինչու՞ էս 5 տարվա ընթացքում չընդունեցիք: Ես կասեմ ձեզ՝ ինչու: Որովհետև վերջին տարիներին ձեր՝ «Նոյյան տապան և Արարատ» կուսակցության պատճառով ընտրություններին թաղային հեղինակությունների ներգրավման բնականոն ընթացքը խախտվում է: Մեկ ճշտի սկզբունքով ստիպում եք ընտրողին ընտրակաշառքը վերցնել ու քվեարկել միայն ձեր օգտին, որովհետև միակ ճիշտը դա է, տվողից, կներեք արտահայտությանս համար, չեն քցում: Իսկ երկու ճշտերի պարագայում մեկ ճիշտ կլիներ գումարը վերցնելը, իսկ մյուսը՝ մեկ այլ թեկնածուի, այսինքն՝ ընդդիմության օգտին քվեարկելը: Այդ դեպքում ոչ ոք չէր կարողանա քաղաքացուն մեղադրել տվողին քցելու մեջ, որովհետև նա հղում կաներ երկու ճշտերի սկզբունքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել