Panorama.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հունիսի 6-7-ին տեղի ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ։ Օրակարգում, ի թիվս այլ վճիռների, ներառված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգից Panorama.am-ի թղթակիցը, Մամմադովի գործի քննարկմանը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները և Իլգար Մամմադովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց։

«Մենք ԵԽ նախարարների կոմիտեում ընդգծեցինք, որ Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցնում է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների հենց իր տարածքում ու իր ժողովրդի նկատմամբ և, արդյունքում, առաջարկեցինք քննարկման առարկա դարձնել ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելու և հետագայում Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Մենք, ըստ էության, առաջ քաշեցինք Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության դադարեցման բանաձև, ընթացակարգ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը նշեց, որ հայկական պատվիրակության ելույթից հետո 20-ից ավել պատվիրակություններ ելույթ են ունեցել ու աջակցել նախաձեռնությանը։ Այսօր արդեն «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման վերաբերյալ նախատեսված քվեարկության ժամանակ նախարարների կոմիտեն որոշում է կայացնելու՝ այդ ընթացակարգը սկսելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել