Իրաքյան Քրդստանում հեռարձակվող Rudaw հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ 2017 թ.-ի սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում կանցկացվի անկախության հանրաքվե։ Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին այդ որոշումն ընդունել է տեղի քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։ Որոշվել է նաև նոյեմբերի 6-ին Իրաքյան Քրդստանում անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ։
Իրաքյան Քրդստանի դե յուրե անկախացումը մեծ փորձություններ կբերի առանց այդ էլ անհանգիստ Մեծ Մերձավոր Արևելք և կխթանի քրդերի անջատողական շարժումներին հարևան Թուրքիայում, Սիրիայում և Իրանում։
Իրաքյան Քրդստանը փաստացի անկախացել էր Իրաքից 1991-ից ի վեր և ստացել էր բավական լայն ինքնավարություն։ Լինելով Իրաքի մաս՝ իրականում պաշտոնական Բաղդադը գրեթե ոչ մի լծակներ չունի ազդելու Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ով ունի նաև իր սեփական և բավական մարտունակ բանակը, որին մեծ օգնություն է տրամադրում ԱՄՆ-ն։ Իրաքյան Քրդստանի տարածքը ընդգրկում է Իրաքի հյուսիսը և հյուսիս-արևելքը ու կազմում է 40643 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը մոտ 5,5 միլիոն մարդ է։ Իրաքյան Քրդստանը հիմա համարվում է Իրաքի ամենազագացած տարածաշրջաններից մեկը։ Նրա տարածքում են գտնվում նաև Իրաքի ամենամեծ՝ Քիրքուքի նավթային հորերը։
Իրաքյան Քրդստանի պաշտոնական անկախացումից հետո դե յուրե նաև կփոփոխվի այդ տարածաշրջանի երկրների սահմանները, որոնք անփոփոխ էին Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ Իրաքն էլ կդառնա առաջին արաբական երկիրը, որը պաշտոնապես կկազմաքանդվի։ Դե ֆակո գոյություն չունեցող Իրաքը նաև կդադարի գոյություն ունենալ դե յուրե։ Իրաքյան Քրդստանի անկախացումից հետո, համոզված եմ, որ Հարավային Իրաքի նկատմամբ իր նկրտումները կսկսի հարևան Իրանը, քանի որ Բասրայի նավթով հարուստ տարածաշրջանը բնակեցված է շիաներով, և Սադդամ Հուսեյնի տապալումից հետո տեղի շիաները բավական սերտ կապեր են հաստատել Թեհրանի հետ։
Որքան հասկանալի է, ԱՄՆ-ն անցել է իր «Վերահսկելի քաոս» ծրագրի երկրորդ փուլն իրականացնելուն՝ դե յուրե կազմաքանդելով Մեծ Մերձավոր Արևելքի երկրները և նրանց տարածքի որոշ մասում ձևավորելով իրեն ենթակա նոր երկրներ։
Իրաքյան Քրդստանի դե յուրե անկախությունն էլ ավելի կմեծացնի Թուրքիայում բնակվող քրդերի կենտրոնախույս դրսևորումները, որն էլ ավելի կսրի ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել