Yerkir.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Հայկ Հակոբյանը հրապարակեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրական ճառը:

Ինչպես դատարանից հայտնում է Yerkir.am-ի լրագրողը՝ դատախազը պահանջեց գործով ամբաստանյալ, սպանություն և սպանության պատվեր տալու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել նշված բոլոր հանցագործությունները կատարելու համար և դատապարտել 25 տարվա ազատազրկման, նրա պատժի սկիզբը հաշվել 2014թ-ի փետրվարի 3-ից: Մեղադրողը ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չմատնանշեց:

Համաձայն դատախազի ճառի՝ Իսրայել Սարգսյանը պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը՝ նրա եղբոր՝ Թևոս Սաֆարյանի դիրքերը շրջապատում թուլացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Իսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Հեշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998թ-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար: Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել