Կալինինգրադի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԼՂՀ հարցի կարգավորման մեջ կողմերը մի քանի անգամ մոտ են եղել խնդրի հանգուցալուծմանը, սակայն մեկը մյուսի հանդեպ բնազդաբար լցված լինելով անվստահությամբ՝ վերջին պահին չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Խնդիրն, ըստ ռուս դիվանագիտության տեսչության ղեկավարի, դետալների մեջ է, որոնք շատ զգայուն են, վերաբերում են երկու երկրների ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական վերադասավորումներին։ Եվ ուրեմն՝ կարող ենք եզրակացնել, որ, այնուամենայնիվ, այս հարցի կարգավորման գլխավոր բաղադրիչը ոչ թե արտաքին աշխարհի միջամտությունն է ու հապաղումը, այլ, նախևառաջ, ներքին բախումներից խուսափելը։ Պարզ է սրանով, որ եթե խոսք է գնում երկու երկրների ներսում ենթադրյալ լուծումից հետո ծագող անհանգստությունների մասին, ապա կողմերը համաձայն են եղել փոխզիջումների ու բացառել են պատերազմի վերսկսումը։ Նույն Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե իրականում ինչ են բանակցել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները։ Լավրովի խոսքից պարզ է դառնում, որ խնդիրն ավելի շատ էմոցիոնալ ու դետալային բնույթ է կրում, իսկ դա հաղթահարելու համար քաղաքական կամք է պետք։ Հայաստանում շատ վաղուց, իսկ ապրիլյան պատերազմից հետո բավականին կարևոր դարձավ ԼՂՀ հիմնախնդիրը։ Հանրությանը ներկայացվեց հայաստանյան կողմի մոտեցումը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շուրթերով։ Հայաստանյան հասարակությունը ադեկվատ է վերաբերվում այս հարցին, որովհետև ավելի բաց է ու ավելի տեղեկացված։ Ադրբեջանում նույնի մասին խոսել չենք կարող, քանի որ երկրի քարոզչամեքենան առ այսօր չի դադարում սեփական ժողովրդին կերակրել օր առաջ Հայաստանը հողին հավասարեցնելու ու Ղարաբաղը ազատագրելու մասին կոչերով։ Հետևաբար բանակցությունների չկայացումն ու ձգձգումը կարող է ձեռնտու լինել միայն Ադրբեջանին, որովհետև եթե նրանք իսկապես ցանկություն ունեն հարցի խաղաղ կարգավորման հասնել, ապա նախ պետք է սեփական հանրությանը դրան պատրաստեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել