ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10-ին նախատեսված Հայաստան այցի շրջանակում համանախագահները հանդիպում կունենան ՀՀ Նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: 

«Ֆրանսիական և ամերիկյան կողմերի համանախագահների, ինչպես նաև դեսպան Անջեյ Կասպշիկի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին կլինենք Հայաստանում: Մենք ուզում ենք հստակեցնել հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախատեսվում է արդիական հարցերի քննարկում՝ այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի վերջին կայացած հանդիպման արդյունքները: Հաջորդ օրը նախատեսվում է այց Լեռնային Ղարաբաղ: Ընդունված կարգի համաձայն՝ հանդիպումների արդյունքում ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,-ասել է ռուսաստանցի համանախագահը՝ նաև տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթվա վերջին համանախագահներն այցելելու են Բաքու: 

Հարցին, թե արդյոք նման հասցեական հայտարարությունները, ինչպես վերջերս հնչեցրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարո՞ղ են ինչ-որ կերպ նպաստել արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության նվազեցմանը, Իգոր Պոպովը պատասխանել է. «Մեր հայտարարության մեջ դատապարտվում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները, և հակամարտության կողմերին կոչ է արվում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետագա սրումը կանխելու համար: Ինչպես արդեն նշեցի, հակամարտության գոտում տիրող իրավիճակը, զարգացման հեռանկարները կլինեն տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի քննարկման առարկան: Որպես միջնորդներ՝ մեր խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը կարգավորվի բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել