Դանակը դիպավ փոքրիկի ոտիկներին, մայրը տնքաց` չե՛մ ուզում… Փոքրիկի ողջ մարմինը սարսռաց, ու նա բնազդաբար նետվեց վեր` դեպի արգանդի խորքը… Սառը զենքն ընկավ բժշկի ձեռքից, մարմինը սարսռաց այնպես, ինչպես փոքրիկի մարմինը, սակայն բժիշկը փախուստի ու թաքնվելու տեղ չուներ, ու նրա սիրտը դող ընկավ… Փորձեց հավաքել ուժերը, ստացվեց. ձեռքին հայտնվեց մեկ այլ զենք` ավելի սառը, ավելի կոպիտ… Ու այդ զենքով բժիշկը պետք է դադարեցներ դեռ չծնված մանկան կյանքը:

Մեկ տարի չէր անցել այն օրից, երբ նույն կնոջը` Արուսյակին, սկեսուրը ստիպելով բերել էր բժշկի մոտ, որպեսզի արհեստական վիժումով կանխեր հղիությունը.

-Վեցերորդ երեխան է, բժիշկ ջան, խիղճ ունեցեք,- աղերսել էր սկեսուրը, և բժիշկը ջանասիրաբար ու որդիաբար բացատրել էր տիկնոջը, որ արհեստական վիժման համար չափազանց ուշ է:

- Ի՞նչ եք ասում, երեխան շուտով կծնվի,- պատասխանել էր բժիշկ-գինեկոլոգը, ու առնվազն երկու շաբաթ անց ծնվել էր Արուսյակի ու Մերուժի վեցերորդ երեխան:

Նախքան վեցերորդ երեխայի ծնունդը սկեսուրը տղայի ու հարսի անկողինն առանձնացրել էր, բայց դե սեռական հարաբերության համար մեկ այլ տեղ էր գտնվել, որն էլ չէր մնացել անհետևանք… ու փոքրիկն այսօր վայելում է իր մանկությունը… բայց նրա բախտին չարժանացավ նրա կրտսեր քույրը, ով անողոքաբար հայտնվել էր բժշկի ձեռքի տակ ու պայքարում էր կյանքի համար…

Յոթամսյա մանկան փոքրիկ ու հարազատ տունը լցվում էր արյամբ… Նա փորձում էր խոսել մոր հետ, համոզել նրան, հարվածում էր ոտքերով, ձեռքերով, գլխով… Աղերսում էր կյանք, կյանք, որի մասին ինքն արդեն որոշակի գաղափար ուներ, ինքն արդեն իր անգիտակից գիտակցության մեջ պատկերել ու նկարազարդել էր այդ կյանքը…

Բժիշկը նայեց փոքրիկ ոտիկին ու… նրա թուքը չորացավ կոկորդում, արյունը երակներում սառեց, դեմքը պատվեց քրտինքով ու զգաց փոքրիկի` պայքարի աննահանջ տատանումները…

-Երեխա՛ս,- տնքաց մայրն ու սկսեց անհանգիստ շարժումներ անել,- երեխա՛ս …

Իսկ փոքրիկն, ով արդեն 28 շաբաթական էր, և ապրելու համար ուներ լիարժեք կազմվածք և իրավունքներ, մի անհույս ճիգով ձգվեց բժշկի ձեռքերի վրա ու արտաբերեց իր կյանքի առաջին ու վերջին ճիչը:

Մանկան ձայնից սպանդարանում մի ակնթարթ տիրեց լռություն, ու ամեն մեկն իրեն դահիճ զգաց:

Մայրը հազիվ ձգվեց տեղից ու նայեց թասի մեջ ընկած մանկանը, նրա աչքերը լցվեցին արցունքով, ու նա սկսեց գազանի պես ոռնալ: Բժիշկը հանեց ձեռնոցներն ու, նույն շարժումով, ինչպես մի քանի վայրկյան առաջ մանկիկին, նետեց աղբամանի մեջ…

Բացեց դուռն ու նետվեց իր սենյակ: Մաքուր օդը սթափեցրեց: Դուռը թակեցին, փորձեց հավաքել մտքերը, փորձեց տիրապետել մարմնին… Չստացվեց, մանկան արձակած ճիչը դեռ ականջների մեջ էր: Դռան թակոցին չէր կարողանում արձագանքել, ուժ չէր գտնում ձայն հանելու, ոտքերը թուլացել էին, հազիվ ընկել էր բազմոցին…

- Ուզում են ներս գալ,- տեղեկացրեց սպիտակ խալաթով մեկը, ով նույնպես ներկա էր մանկան սպանդի  ողջ գործընթացին:

- Ասա, թող մի քիչ սպասեն,- հազիվ արտաբերեց բժիշկը,- ես կկանչեմ:

Կնոջ դուրս գնալուց հետո փոխեց բժշկական հագուստը, դեմքը ցայեց սառը ջրով, մի քանի րոպե ստիպեց իրեն մոռանալ կատարվածն ու ներս կանչեց դռան մյուս կողմում անհամբեր սպասողներին: Չծնված մանկան հարազատները` հայրը, տատն ու հորաքույրը, ներս մտան գրեթե ժպտալով, ստացվել էր` երեխան չէր ծնվելու, նա արդեն չկար: Անչափ շնորհակալ լինելով գթասիրտ բժշկից` գումարը դրեցին սեղանին ու դուրս եկան… Բժիշկը ցանկացավ խոսել կատարվածի մասին ու կրկին հիշեցնել, որ չհղիանալու համար գոյություն ունեն տարբեր մեթոդներ, իսկ արհեստական վիժման համար կա սահմանված ժամկետ, բայց ոչինչ չասաց, քանի որ այդ մարդկանց արդեն տասնյակ անգամ հանդիպել էր ու նույն բանն ասել էր արդեն հազար անգամ:

Հարազատները դուրս եկան ու դուռը փակեցին այնպես անաղմուկ, ինչպես րոպեներ առաջ բժշկի օգնությամբ կյանքի դուռն էին փակել մանկան առաջ… Բժիշկը սառը հայացքով նայեց գումարի կողմը. դա իր կյանքի այն նողկալի վարձատրությունն էր, որ նա ստացավ այլոց չարդարացված սխալը դաժանաբար շտկելու համար… Սխալ, որի անունն է ՄԱՐԴ:

Նարէ Աթոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել