«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջապես կարողացավ հասնել միջազգային դիտորդների թիվը 7-ով ավելացնելուն և ԼՂ խնդրի շրջանակում արդեն հասցեական հայտարարություններ է անում՝ Ադրբեջանին քննադատելով հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համար:  


Այս առնչությամբ միջազգային փորձագետ Ալեքսանդր Ռաարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ միաժամանակ ընդգծելով, թե դա պետք է անեն հենց կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրները առանց միջնորդների: Ռաարի խոսքով՝ այժմ Եվրոպան այն վիճակում չէ, որ խառնվի Ղարաբաղյան հակամարտությանը. վերջինս շարունակում է մնալ ստվերում և միջազգային փորձագետի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացներին կխառնվի միայն պատերազմի դեպքում: Ռաարի խոսքով, սակայն, այս պարագայում նոր պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հաղթողներ, միևնույնն է, չեն լինելու: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, Ռաարը կարծիք հայտնեց, թե որոշ ժամանակ անց Ղարաբաղյան հակամարտության հարցում կարող է մեծանալ Չինաստանի դերակատարությունը, որը փորձում է մեծ քայլերով ամուր հիմքեր դնել տարածաշրջանում:

-Պարոն Ռաար, Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող գործընթացներում Եվրոպան կարծես թե չի խառնվում: Ո՞րն է պատճառը:


-Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով և բոլորն են դա հասկանում: Սակայն այժմ Եվրոպական Միությունը կանգնած է մեծ մարտահրավերների առջև և պետք է վերակառուցի իր պաշտպանողական քաղաքականությունը: Այժմ եվրոպական երկրները զբաղված են ներքին խնդիրներով: Ես այժմ չեմ տեսնում այդ հարցում Եվրոպայի ակտիվացման նախադրյալներ: Այժմ Եվրոպայի համար դրա ժամանակը չէ:


-Այսինքն՝ այս պահին Ղարաբաղի հարցի ժամանա՞կը չէ:


-Ընդհանրապես ժամանակ չկա: Միգու­ցե առանձին մասնագետներ, գործիչներ դրանով զբաղվում են, սակայն Եվրոպան ամբողջությամբ դրանով չի հետաքրքր­վում: Հիմա Ղարաբաղյան խնդիրը հեռ­վում է մնացել: Ես կրկին նշում եմ, որ մի­գուցե առանձին անհատներ դրանով զբաղվում են, սակայն ամբողջապես այժմ դա Եվրոպայի հետաքրքրությունների առանցքում չի գտնվում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել