«Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարա­նի և վարչական շրջանների տարեկան հաշվետվությունները տպագրվում են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին պատկանող տպարանում: Armtimes.com-ի հարցմանն ի պատաս­խան՝ քաղաքապետարանի տեղեկատվու­թյան և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ 2016 թ. Երև­անի զարգացման ծրագրով կատարված աշ­խատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար տպագրության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շր­ջանների տարեկան ամփոփ տեղեկագիր-հաշվետվությունը, որոնք տպագրվել են «Սամարկ» ՍՊԸ-ի կողմից համապատասխանա­բար 10 000 հատ և 38 000 հատ քանակներով: Նշված աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացվել են «Երևան» հիմ­նադրամի միջոցով:
Քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել բոլոր պայմանագ­րերը, սակայն պարզվել է, որ կնքվել է ընդամե­նը 2 պայմանագիր, որոնք երկուսն էլ «Սամարկ» ընկերության հետ են կնքված: Դրանցից մեկի արժեքը կազմել է 5 միլիոն 850 հա­զար դրամ, մյուսը՝ 5 միլիոն 40 հազար դրամ:

Մի կողմ դնենք, որ քաղաքապետարանն իր աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար ավելի քան 11 միլիոն դրամ է ծախսել, այլ կենտրոնանանք այն հանգա­մանքի վրա, որ քաղաքապետարանը չի հիմ­նավորել, թե ինչո՞ւ է «աշխատանքներ կատարելու» պայմանագրերը կնքել հենց «Սամարկ» ընկերության հետ, այլ ոչ թե այլ հրատարակչությունների: Պարզաբանման կարիք չկա, որովհետև իրա­կանությունն այնքան պարզ է. «Սամարկ» ըն­կերությունը պատկանում է Երևանի քաղաքա­պետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանին: Գնման պայմանագի­րը եռակողմ է: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Երևան հիմնադրամի տնօրեն Ա. Ղազարյանը և «Սամարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Քոթանջյանը:

Ի դեպ, քաղաքապետարանը չի պատաս­խանել մեր հարցին, թե ինչո՞ւ տպագրված գրքույկների վրա նշում կատարված չէ տպագ­րող ընկերության մասին, նաև՝ տպագրված գրքույկների քանակի վերաբերյալ: Այս հան­գամանքը կարող է հիմնավոր կասկածներ հարուցել, որ գրքույկները տպագրված չեն եղել 10 հազար կամ 38 հազար օրինակով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել