Այսօր մի ուշագրավ հարցազրույց հանդիպեցի «Հայկական ժամանակում»: Լրագրողուհի Սեդա Մավյանը եղել է Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումների եւ հանրահավաքի ժամանակ եւ հարցազրույց արել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:

Խոսել են Րաֆֆու հնչեցրած հրաժարականի պահանջներից, խոսել են Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի հնարավորությունից ու այլնից:

Իր հրաժարականի մասով Սուրեն Խաչատրյանը բավական կտրուկ է պատասխանել՝ ասելով, որ իրեն ազատում և նշանակում է ՀՀ նախագահը: Ասել է նաև, որ ներողություն է ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանից իրեն Լիցկայով դիմելու համար:

Բայց թերևս Խաչատրյանի տված հարցազրույից ամենաուշագրավ հատվածը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի չմասնակցությունն էր ու մանրամասներ Րաֆֆու Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հակահայկական քարոզչության մասին:

Սուրեն Խաչատրյանը տեղում ցուցադրում է մի տեսագրություն, որը Արթուր Առուստամյան անունով մեկը նվիրել է «հայոց պատմության կեղծարարներին», որոնց մեջ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, որը, մասնավորապես, մեղադրվում է օգտագործելու համար Արեւելյան Անադոլու թուրք տերմինը՝ փոխանակ Հայկական Լեռնաշխարհ տերմինի եւ իր վերջին գրքի համար, որ կոչվում է «Հայոց ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը». գիրքը տեսագրության հեղինակը գնահատում է իբրեւ «հակագիտական եւ հակահայկական»։

Սեդա Մավյանն ի պատասխան հիշեցրել է Ռիչարդ Հովհաննիսյանի վաստակը հայոց պատմության ուսումնասիրման եւ ճանաչման մեջ. «Պարոն մարզպետ, Ձեր բախտը չբերեց, քանի որ պատմաբան եմ»։ Ի պատասխան մարզպետը հիշեցրել է, որ ինքը եւս պատմաբան է։ Իսկ դիտարկմանը, որ տեսագրությունը գիտական նյութ չէ, այլ պամֆլետ, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Նյութը իրականություն է, թե կեղծարարություն, չեմ կարող ասել... Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆու գլուխը կջարդեմ։ Հասկացա՞ր՝ ինչ եմ ասում, Սեդա (ծիծաղ): Ո՞նց, չե՞ս ճանաչում ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել