Այն, որ մեր հյուսիսային հարևանը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի գերին, նույն Վրաստանում բավական դժկամությամբ են ընդունում: Սակայն իրականությունից ոչ մի տեղ չես փախչի: Գործը հասել է նրան, որ ադրբեջանական հայտնի ծաղրանկարիչներից Գյունդուզ Աղաևն իր ստեղծագործություններից մեկը «նվիրել» է ադրբեջանական նավթային գերության մեջ գտնվող Վրաստանին: Իրոք, գործը հասել է նրան, որ Ադրբեջանից նավթագազային կախվածության մեջ գտնվող Թբիլիսին գրեթե զրկվել է անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից: Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող բոլոր քննարկումներում և բանակցություններում զգացվում է Բաքվի շունչը: Իլհամ Ալիևն է որոշում, թե ինչ է կարևոր Վրաստանի համար, իսկ ինչը՝ ոչ:
Շատերը գիտեն, որ վրացիներն իրենց երկիրն անվանում են Sacartvelo (Սաքարթվելո): Իսկ Ադրբեջանի Նավթային պետական կորպորացիան SOCAR-ն է: Պատկերավոր ներկայացնելու, թե ինչ հարաբերությունների մեջ են Թբիլիսին և Բաքուն, ազերի ծաղրանկարիչը Վրաստանը ներկայացնում է որպես SOCARtvelo: Ցավոք, բայց Գյունդուզ Աղաևը շատ ճիշտ է ներկայացրել ներկայիս վրաց-ադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը: Վրաստանը թմրամոլի նման նստած է ադրբեջանական նավթի և գազի ասեղին և չի կարող ձերբազատվել այդ վտանգավոր կախվածությունից, որի հետևանքով «հպարտ և անկախ» Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կորցնելուց հետո շատ շուտով կարող է կորցնել նաև Վրաստանի ամբողջ հարավը: Բաքուն և Անկարան բավական երկար ժամանակ է՝ ամեն ինչ անում են, որ փոխեն Ջավախքի էթնիկ պատկերը և այն հայաթափ անեն: Միայն Ջավախքում բնակվող հայերն են խանգարում Թուրքիային և Ադրբեջանին, որ Վրաստանի մահմեդականներով բնակեցված Աջարիան և Քվեմո Քարթլին միավորվեն որպես մեկ ընդհանուր, մահմեդականներով բնակեցված տարածք, որի միջով անցնում են Թուրքիան և Ադրբեջանը միավորող բոլոր ենթակառուցվածքները՝ գազամուղը, նավթամուղը, երկաթգիծը և ավտոմոբիլային ճանապարհները: Էթնիկ պատկերը հօգուտ մահմեդականների փոխելուց հետո Անկարան և Բաքուն շատ արագ կխլեն Վրաստանի ամբողջ հարավը Թբիլիսիից: Այլ ժողովուրդների և հատկապես քրիստոնյաների հողերի խլելու մեջ ազերիները և նրանց մեծ եղբայր թուրքերը պրոֆեսիոնալ են: Պատահական չեն ազերի պատմաբանները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ներկայացնում որպես ադրբեջանական քաղաք, որը գրավվել է վրացիների կողմից: Չեմ զարմանա, եթե ազերի պատմություն հորինողները նաև «հայտնաբերեն», որ Սաքարթվելոն ադրբեջանական SOCAR-ից է առաջացել, և «պատմական ճշմարտությունը» վերականգնելու համար Իլհամ Ալիևը որոշի ոչ միայն գրավել Թբիլիսին, այլև ամբողջ Վրաստան-SOCARtvelo-ն: Հայերի, հույների, արաբների, քրդերի, լեզգինների, թալիշների, պարսիկների և այլ ազգերի «ունեցվածքը» սեփականաշնորհող թուրքը շատ հեշտությամբ կտիրանա նաև պառակտված Վրաստանին:
Հուսով եմ՝ այս ծաղրանկարը կսթափեցնի վրացիներին և հատկապես ազերիներին ծախված «մտավորականությանը»:
Հ.Գ. Ի դեպ՝ Վրաստանն այս վիճակում հայտնվել է շնորհիվ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ջանքերի, ով, փորձելով դուրս բերել Վրաստանը ռուսական գազի և նավթի «գերությունից», այն դարձրեց ադրբեջանական նավթի և գազի «ստրուկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել