Մայիսի 30-ին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի գրասենյակ էին այցելել Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր  Բարլո Տեր-Մկրտիչյանը և նրա ուսանողները «Սարոյան հաուս» նախագծին ծանոթանալու նպատակով:

  

«Սարոյան հաուս» նախագծի աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, պատմեցին վերջինիս ստեղծման և գործունեության, իրականացրած ծրագրերի մասին, ապա անդրադարձան «Սարոյան Հաուս» նախագծին, խոսեցին աշխատանքների ներկայիս ընթացքի և ապագա ծրագրերի մասին: Բարլո Տեր-Մկրտիչյանի հետ քննարկվեցին Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի և Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի միջև հետագա համագործակցության մանրամասները:

Ուսանողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին «Սարոյան Հաուս» նախագծի նկատմամբ և ոգևորությամբ պատրաստակամություն հայտնեցին օժանդակելու և մասնակցելու նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումներին թե՛ Երևանում, և թե՛ Ֆրեզնոյում: Հայագիտության ուսանողներին նշանակալիորեն տպավորեց Սարոյան 108 միջոցառումների շարքում Վ. Սարոյանի 108-ամյակի տոնախմբությունը, որն անցկացվել էր Թումանյանի այգում: Տուն-թանգարանի նախագծից նրանց հատկապես հետաքրքրեց թանգարանի կոնցեպտը և թանգարանում նորարական մոտեցումների կիրառումը թանգարանային ավանդական լուծումներին զուգահեռ: Ուսանողները բարձրացրեցին թանգարանում ուսանողների համար այցելության և ուսումնասիրությունների կենտրոնի հնարավոր առկայության հարցը, քանի որ Սարոյանի կտակում նմանատիպ հիշատակություն կար:

Ուսանողներից մի քանիսը պատրաստակամություն հայտնեցին ներգրավվել նախագծում՝ առաջարկելով ընկերների միջոցով տուն-թանգարանի նախագծի մասին բարձրաձայնել ԱՄՆ-ում և կիսվել մեզ հետ սարոյանասեր հասարակության ակնկալիքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել