Картинки по запросуՀայաստանում 16 տարեկանից բարձր ծխողների թիվը կազմում է շուրջ 52%, իսկ 18 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը հասնում է 55%-ի: Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայաստանում ծխում է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը: Այս մասին մայիսի 31-ին Ծխախոտի դեմ միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարջյանը:

Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը հաշվի է առնում միայն նրանց, ովքեր կանոնավոր են ծխում, ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Ալեքսանդր Բազարջյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց շրջանում ծխողների թիվը միջինը 3% է, բայց կան շրջաններ ու տարիքային խմբեր, որտեղ այդ ցուցանիշն ավելի բարձր է: Օրինակ՝ Երևանում բնակվող 30-40 տարեկան կանանց շրջանում այն կազմում է 8-10%:

Նշենք, որ այս վիճակագրությունը վերջին մի քանի տարիներին անփոփոխ է մնում: Lancet ամսագրում հրապարակված վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանը կանոնավոր ծխող տղամարդկանց թվով առաջատար երկրների թվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել