Ձեռնարկը թույլ կտա բացահայտել, թե հաշմանդամություն ունեցող երեխան ինչ ծառայությունների և աջակցության կարիք ունիYerkir.am-ը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մայիսի 30-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների գնահատման» մեթոդական ձեռնարկի ներկայացմանը:

Ողջունելով նախաձեռնությունը՝ նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է պետություն և հասարակական, միջազգային կազմակերպություններ կապը, հատկապես, երբ այն ծառայում է ի շահ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծմանը:

Անդրադառնալով ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրմանը՝ Արտեմ Ասատրյանը նշել է, որ արդեն մի քանի տարի է ինչ նախարարությունը ձեռնամուխ է եղել ներդրման աշխատանքների իրականացմանը:

«Մոդելը մի շատ կարևոր սկզբունք ունի, դա կարիքի գնահատումն է, այն ոչ թե ուղղված է քաղաքացուն հիվանդությունից ելնելով հաշմանդամության խմբի նշանակմանը, այլ՝ գնահատված կարիքի հիման վրա համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրմանը: Հիմա երբ մենք անցում ենք կատարում այդ մոդելին, բնականաբար ծառայություն մատուցողները ևս պետք է այս մոդելով առաջնորդվեն: Եվ այսօր «Սեյվ դը չիլդրենի» նախաձեռնությունը գալիս է լրացնելու այս աշխատանքը, քանի որ իր կողմից առաջարկում է պատրաստի ծառայություն»,-ընդգծել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը կարևորել է նաև ոլորտում գործող մյուս շահագրգիռ գործընկերների աշխատանքը հաշմանդամության նոր մոդելի ներդրման գործընթացում:

«Գործընկեր կազմակերպության կողմից սա առաջին առարկայական քայլն է մոդելի կիրառման ուղղությամբ: Մեր մյուս գործընկերները ևս, ովքեր ունեն նման մոտեցումներ, լավ գաղափարներ, մենք, համագործակցելով, պետք է կարողանանք ի մի բերել դրանք և ամբողջականացնելով՝ շարունակենք աշխատանքները»,-ասել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը միաժամանակ ընդգծել է, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ուղղված ծառայությունների մատչելիությունը հնարավորություն կտա հեշտությամբ կանխել երեխաների մուտքը հաստատություններ:
Որպես երեխաների կարիքների գնահատման գործիք, ձեռնարկը թույլ կտա բացահայտել, թե երեխան ինչ ծառայությունների և աջակցության կարիք ունի: Ձեռնարկի մշակման ընթացքում օգտագործվել են հաշմանդամության սահմանման համար մշակված գործիքները և դրանց գնահատման մեթոդական ուղեցույցները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Ալվարդ Պողոսյանը, «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, ներկայացուցիչներ՝ հասարակական և միջազգային կազմակերպություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել