Դավիթ Լոքյանը Շիրակում  ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացըYerkir.am-ը գրում է.
 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝  Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

 Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի,  ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, ինչպես նաև ՀՀ ՏԿԶ նախարարության և  Շիրակի մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ  Դավիթ Լոքյանը Մարալիկ քաղաքում հանդիպել է խոշորացվող Անիի,  Մայիսյանում՝ խոշորացվող Մարմաշենի և  Ախուրյանում՝ խոշորացվող Ախուրյանի  բնակավայրերի  շուրջ 40  ղեկավարների հետ: Դավիթ Լոքյանը   համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին:  ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով  Շիրակի մարզում  նախատեսվում է ձևավորել խոշորացված  3 փնջեր.  

Անի՝(Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ (թվով 17): 

Ախուրյան ՝ (Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ (թվով 8):

 Մարմաշեն` Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի (թվով 15):

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել