Yerkir.am-ը գրում է.

 Առաջարկում ենք ԱԺ-ին հնարավորություն տալ չեղյալ համարելու կամ վավերացնելու միջազգային պայմանագրերը. Շավարշ Քոչարյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Նախագծի փոփոխությունները ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է ԱԺ-ին հնարավորություն տալ չեղյալ համարելու կամ վավերացնելու միջազգային պայմանագրերը:

«Ներկայումս միջազգային պայմանագրերը հաստատվում կան չեղյալ են համարվում ոչ թե ԱԺ հաստատմամբ, այլ օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը: Մենք առաջարկում ենք փոփոխություն կատարել, հնարավորություն տալ ԱԺ-ին չեղյալ համարել կամ վավերացնել միջազգային պայմանագրերը»,- հայտարարեց նա:

Բացի այդ, ԱԳ փոխնախարարը նշեց, որ ԱԺ-ում օրինակ 30-ից ավելի միջազգային պայմանագրեր են կուտակվել և կառավարությանը 1 ամիս է տրվում դրանց վերաբերյալ օրենք պատրաստելու ու Ազգային ժողովին ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է կոնվենցիաներին, ապա Քոչարյանն ասաց, որ դրքն կշարունակվեն վավերացվել օրենքով:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյլանյանն առաջարկեց օրենքում ևս մեկ լրացում անել՝ գրել, որ փոփոխությունը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ: Շավարշ Քոչարյանն ասաց, թե դա գլոբալ առաջարկ է, նա նշեց, որ այդ դեպքում պետք է սպասել 2018թ.-ին, որպեսզի նոր Սահմանադրությունն ամբողջապես ուժի մեջ մտնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել