«Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավա­կանին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը: Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, և ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա: Կարծում եմ՝ 2-3 շաբաթ անց դրա մասին կմոռանան թե Բաքվում, թե Երևանում: Հրադադարի պահպանման առումով, կարծում եմ, պետք է անցկացվեն տեխ­նիկական բանակցություններ կողմերի դիրքերի հեռացման, անվտանգության ինչ-որ մի­ջոցառումների մասին, որոնք, ցավոք, չեն կարող մնալ այն մակարդակին, որ, եթե կողմե­րը մոտեցել են 30 մետր, եկեք նրանց հեռացնենք 90 մետր: Այդտեղ կարծես ոչ մի քաղա­քական հարց չկա, բայց խնդիրն այն է, որ Բաքվի համար, որը հիմա սկսել է բավականին ակտիվ ճնշման քայլեր իրականացնել և պատասխան քայլերի դրդել հայկական կողմին, դա դառնում է քաղաքական հարց: Բաքուն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ հակամար­տության թուլացմամբ: Եվ ես լիովին վստահ չեմ, որ դրանում իսկապես հետաքրքրված է Երևանը»,- մեր թղթակցին ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով այն հանգա­մանքը, որ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը որևէ զսպող դեր չունեցավ Բաքվի համար, և շփման գծում ամեն օր շարունակում են կրակոցներ հնչել և զինվորներ զոհվել: Ըստ նրա՝ ստատուս-քվոն բավական կայուն, բայց և պայթյունավտանգ է, որովհետև, եթե կողմերից մեկին չի գոհացնում, ապա մշտապես ճնշող­ների ու ռիսկերի կենթարկվի, ինչը որ մենք տեսնում ենք. «Ես կարծում եմ՝  այս ստատուս-քվոն կասկածի տակ կդրվի բավականին հաճախ, տարբեր ուժգնությամբ, երբեմն մենք ականա­տես կլինենք զանգվածային ճգնաժա­մի, ինչպես 2016-ի ապրիլին, բայց իրադրության խոշոր փոփոխության որևէ հեռանկար ես դեռևս չեմ տես­նում»,- ասել է նա: Իսկ անդրադառնա­լով Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության մատակարարմանը՝ Վադիմ Դուբնովը նշել է. «Հայաստանին ցանկացած տե­սակի սպառազինության մատակարա­րումը համաձայնեցվում և կոորդինաց­վում է Ադրբեջանին զենքի մատակա­րարումների հետ: Մոսկվան կշարունա­կի զինել երկու կողմին էլ: Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ըն­թանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկ­վան միջնորդ է, դա շատ երկիմաստ է և դրամատիկ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել