Վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է գրեթե 1.1 անգամ։ Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11 404 դեպք, ապա 18-24-ը` 10 180:

Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը:

Մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից Երևանում` 160, մարզերում` 390:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված 5% և ավելի բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի 73 և մարզերի 44 նախադպրոցական կազմակերպություններում: Նշված նախադպրոցական կազմակերպություններում ուժեղացվել է համաճարակաբանական հսկողությունը:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում` գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Հարկ է նշել, որ վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի Ա H1N1–ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրված 7 տարեկան երեխայի մահվան դեպքին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում անջատվել է գրիպի Ա տեսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել