Զինծառայողի սպանության դեպքից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ են տույժի ենթարկվելYerkir.am-ը գրում է.
 Մայիսի 10-ին Տավուշում մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ` 19-ամյա Գագիկ Մեսրոպյանի սպանության դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով` հրաման է արձակվել, և միջադեպի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են կարգապահական տույժի ենթարկվել: «Այն, ինչ տեղի է ունեցել Տավուշի մարզում, բարոյահոգեբանական մթնոլորտի հետ որևէ կապ չուներ, այդ խնդիրը զուտ ներանձնային էր»,- ասաց Հակոբյանը` նշելով, որ քննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննական մարմինը բավարար փաստական տվյալներ է ձեռք բերվել,որ Գ.Մեսրոպյանն սպանության զոհ է դարձել: Սպանության կատարելու համար մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող` 19-ամյա Արման Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել