Hraparak.am-ը գրում է.

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի միջանցքների պատերին տնօրեն Տիգրան Դավթյանը փակցրել է կոմպոզիտոր, քոլեջի դասախոս Ռոբերտ Ամիրխանյանի հարցազրույցն «Իրավունք» թերթին, որտեղ վերջինս մի շարք հայտարարություններ է արել, մասնավորապես նշելով, որ դաշնակցական տնօրենը պակասեցրել է ուսուցիչների աշխատավարձը, 30 նոր աշխատող է ընդունել, որոնց արժանիքը դաշնակցական լինելն է, եւ որ թե նախկին, թե ներկայիս տնօրենն ուսանողներին երգացնում է ռեստորանում՝ փողը գրպանում, միաժամանակ կոչ անելով ստուգումներ իրականացնել քոլեջում։ 

Քոլեջի տնօրեն, օպերային երգիչ, ազատամարտիկ Տիգրան Դավթյանը, ով տնօրեն է նշանակվել 2016-ի սեպտեմբերին՝ ԿԳՆ-ի կողմից իրականացված ֆինանսական աուդիտից հետո, ի դեպ, որը մի շարք չարաշահումներ էր արձանագարել քոլեջում, մեզ հետ զրույցում նշում է, որ առաջնորդվել է աուդիտի տվյալներով, եւ, ՊՈԱԿ-ների կանոնակարգի համաձայն, տնօրենն է որոշում, թե ով որտեղ եւ քանի հոգով աշխատի։ Դավթյանը կադրերի բաժնի պետի ներկայությամբ շեշտում է՝ ոչ մեկին աշխատանքից չեն ազատել, Աշխատանքային օրենսգրքի համաձայն, կատարել են աշխատանքային պայմանագրի ժամկետի փոփոխություն եւ ոչ թե մի քանի հոգու, այլ ամբողջ կոլեկտիվի՝ բոլոր 77 աշխատողների հետ պայմանագիր է կնքվել մեկ տարով, ինչպես ընդունված է ուսումնական հաստատություններում, բացառությամբ Ռոբերտ Ամիրխանյանի եւ Արամ Սարգսյանի. «Ամիրխանյանի հետ պայմանագիրը մնացել է անորոշ ժամկետով՝ ելնելով նրա տարիքից, կյանքի փորձից, հարգանքից»։

Կադրերի բաժնի վարիչ Թինա Կարապետյանն ասում է՝ քանի որ նոր առարկաներ են ավելացել, տնօրենը 2-րդ կիսամյակից հրավիրել է համապատասխան մասնագետների, որոնց մեջ են մասսայական ռեժիսուրայի եւ լուսանկարչության դասախոսները։ Ապա նշում է, որ Դավթյանի նշանակման առաջին իսկ օրից ոչ մի անձ չի ազատվել աշխատանքից, եւ կադրային ջարդ չի եղել, իսկ քոլեջ ընդունված 10 աշխատողներից միայն 2-ն են դաշնակցական, ինչն օրենքով արգելված չէ։

«Կոմերիտական, կոմունիստ Ռոբերտ Ամիրխանյանը երբ դարձավ ՀՀԿ-ական... ես զերծ եմ պահում քոլեջը կուսակցական ուղղություններից»,- ասում է Դավթյանն ու հավելում, որ մինչ իր գալը քոլեջում պարի ուսուցիչն անցկացրել է ֆիզկուլտուրայի դասընթացներ, ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները դասավանդել է դաշնամուրի մասնագետը, ով վարորդական իրավունք ուներ. «Այդպես իրենց համար գրել են ու անցկացրել։ Ես իմ երեխաներին ոչ մի անգամ ռեստորանում չեմ երգացրել եւ փող չեմ գրպանել, մեզ Ավիացիայի համալսարանից հրավիրել էին, որ այնտեղ համերգ տանք, մենք էլ գնացինք, վա՞տ բան եմ արել, կամ եթե բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել, որ անտառում ծառատունկ անի, ես էլ իմ երեխեքի հետ գնում ծառ ենք տնկում, երգում ենք, դրանից հետո էլ 300 հոգով քեֆ ենք անում, կարո՞ղ է դրա համար ինձ փող էր տվել Արծվիկ Մինասյանը»։

Ինչ վերաբերում է նրան, որ Ամիրխանյանն իր հետ հանդիպում է փնտրել, բայց ինքն ընդառաջ չի գնացել նրան, Դավթյանն ասաց. «Նա ուղղակի 3 ամիս երեխեքին տանջեց, որ մինչեւ դեկտեմբեր գրանդիոզ համերգ տա ֆիլհարմոնիկում, ինձ էլ ծաղրելուց հետո առաջարկեց, որ լինեմ Ձմեռ պապ, ինքը կարող էր անգամ իր գրպանից 10 հազար տալ մեկին, որ գար ու Ձմեռ պապ լիներ այդ համերգին, բայց ես, տնօրեն լինելով, եղա Ձմեռ պապ, հետո մորուքս հանեցի ու եկա դահլիճից ծափահարեցի։ Եթե ինքն ինձ դրանով ինչ-որ բան էր ուզում ասել՝ չկարողացավ ասել։ Աթոռը ես եմ դրել իր տակը, որ նստի դաշնամուր նվագի, այդ սենյակն էլ որ ես սիրունացրեցի, կահավորեցի, էլի իմ ընկերների շնորհիվ, թող գան ստուգեն, ես էլ ցույց կտամ, թե որ ընկերս ինչ է արել, մի ընկերս դաշնամուրն է առել, որ միանգամից գնաց ու ասաց՝ ես այստեղ եմ ուզում նվագել, ասացի՝ խնդրեմ, Ձեր համար եմ սարքել։ 2014-ին 4 տեղից սնվել է՝ 2 պաշտոն իրականացրել է Կոնսերվատորիայում, 2 պաշտոն էլ՝ այստեղ, նման բան կա՞ աշխարհում»։

Քոլեջի տնօրենն ու կադրերի բաժնի պետը վկայակոչում են՝ դա Աշխատանքային օրենսգրքի 139 հոդվածի կոպիտ խախտում է, ըստ որի՝ աշխատաժամը չպետք է գերազանցի 8 եւ համատեղության կարգով՝ 12 ժամը։ Մինչդեռ քոլեջում Ամիրխանյանը հաստիքով եղել է խորհրդական, որը համատեղել է դասաժամերի հետ, ինչպես նաեւ եղել է Կոնսերվատորիայում երաժշտության տարրական տեսության ամբիոնի վարիչ եւ դասավանդել կոմպոզիցիայի բաժնում։ «Այսինքն՝ քառակի համատեղություն է, կոպիտ խախտում, ու դա՝ այն ժամանակահատվածում, երբ այդ ամեն ինչի հետ մեկտեղ 2014-ին ինքը դարձավ կառավարման խորհրդի նախագահ, որի իրավունքը չուներ։ Իսկ երբ մենք նախորդ տնօրեն Լեւոն Սահակյանի օրոք ասում էինք՝ դա կոպիտ խախտում է, այդպես չի կարելի, մեզ ասում էին, որ ինքն այն մարդն է, որ իրավունք ունի դա խախտելու»,- ասում է Թինա Կարապետյանն ու նկատում, որ երբ 2016-ին Ամիրխանյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից, պատճառաբանել է, թե չի իմացել, որ դա օրենքով չի թույլատրվում։

Քոլեջի ներկայիս տնօրենը վստահ է, որ եթե նախարարությունից աուդիտ չիրականացվեր, Ամիրխանյանը գուցեեւ ինքնակամ չհրաժարվեր խորհրդի նախագահի պաշտոնից։ Դավթյանը մեկնում է սեղանի վրա դրված փաստաթուղթը, ըստ որի՝ 2016-ից կառավարման խորհրդի արձանագրությամբ ինքն ամեն ամիս՝ քոլեջի միջոցների հաշվին, Ամիրխանյանին տվել է հավելավճար 100 հազար դրամի չափով։ «Ես սա սրբորեն պահպանել եմ, քանի որ հաստատված էր իմ բարձրյալի՝ կառավարման խորհրդի կողմից եւ տրվում է նրան, որպես անվանի, հանճարեղ, պատվավոր մարդու, բայց, չգիտեմ ինչու, արդեն 3-րդ տնօրենն է՝ նրա դուրը չի գալիս։ Ուստի ես բարձրաձայնում եմ՝ միգուցե այդ գումարը ես ուղղեի «Երկրապահին», հաշմանդամ մի ընտանիքի, եթե սուղ պայմաններից ենք խոսում, ես այդ ո՞ր հավելավճարով նրան 100 հազար տամ։ Թող բոլոր մարմիններից գան քոլեջն ստուգելու, ես միայն ուրախ կլինեմ, եթե միշտ ստուգումներն ուղղորդված են եղել իր կողմից, հիմա էլ թող ուղղորդված լինի իր կողմից»,- ասում է տնօրենն ու նշում, որ այժմ կառավարման խորհրդի նախագահը Մհեր Նավոյանն է, իսկ Ամիրխանյանը՝ խորհրդի անդամներից մեկը, ով վերջերս ցանկություն է հայտնել հեռանալու, եւ ինքը, որպես տնօրեն, առարկել է․ «Էլի գլխիս վրա տեղ ունի, թող գա պարապի, իր 100 հազարն էլ ստանա»։ Մինչեւ 2016-ը Ամիրխանյանը քոլեջում իրականացրել է 27 ժամ շաբաթական ծանրաբեռնվածություն, որը, ըստ կադրերի բաժնի վարիչի, նույնպես խախտում է, եւ դարձյալ աուդիտի արդյունքում են կարողացել այդ շտկումներն անել, այժմ դարձնելով շաբաթական ծանրաբեռնվածությունը 8 ժամ։ Ինչ վերաբերում է ֆինանսական աուդիտին, ապա կուտակված պարտքերը կարողացել են մարել ու բոլոր հաշիվները զրոյացնել։ «Ես իրենց ձեւավորած բեւեռների հետ կապ չունեմ, անում եմ իմ գործը եւ երեխաների համար ստեղծում եմ պայմաններ»,-ասում է Դավթյանն ու հիշում առաջին աշխատանքային օրը, երբ մտել ու տեսել է, որ մի աթոռին 2 հոգի են նստած, 4 հոգի՝ մի սեղանի մոտ, պատուհանները՝ ցելոֆանով փակված, դռները՝ կոտրված։ Հետո առաջնորդում է քոլեջի քիչ թե շատ կահավորված դասասենյակներն ու նշում, որ բոլորն իր ընկերների, ծանոթների միջոցով է կարողացել անել, իր ամառանոցից աթոռներ է բերել, գրատախտակներ. «Պատուհանների ապակիներն էլ գցել են «Արաբո» ջոկատի իմ ընկերները՝ ձեռք չտալով քոլեջի բյուջեին։ Հարվածային գործիքներ, սկոտչով էին փաթաթված, բա այսքան փողը տանես ու քո բարեկամին բերես այն սուղ ժամանակ, որ այդ մարդն իրավունք չուներ մեթոդիստ աշխատելու, անօրեն հրաման տաս, հետո միանգամից փոխես տնօրենի տեղակալ ու 8 ժամի փոխարեն 12 ժա՞մ տաս, բայց ոչ իր սանիկներին եմ կպել, ոչ էլ իր 100 հազարին»։

Ռոբերտ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում նախ նշեց․ ինքն ուզում է, որ տնօրենը եզրակացություններ անի այն մեղադրանքների մասով, որ հնչեցրել է, ապա շտապեց ուղղել իրեն՝ նշելով, որ դրանք մեղադրանքներ չեն, այլ իրականություն, որի մեջ տնօրենը պետք է փորձի պատասխաններ գտնել ու գիտակցել բանականության լեզվով եւ ոչ թե զայրույթի, ինչպես որ ժողովներ է անում. «Այդ զայրույթի ֆոնը թող ինքը հանի, խելքի գա ու հետո մտածի քոլեջը կարգի բերելու մասին, դա կլինի մեր մեծագույն երազանքը»։

Թեեւ ինքն էր բարձրաձայնել կուսակցական խնդիրների մասին, բայց կոմպոզիտորը խնդրեց չխոսել դրանց մասին, քանի որ կուսակցական գործիչ չէ. «Ես հարց եմ բարձրացրել, թե ինչ իրավունքով նա կարող է կասեցնել մեր դասախոսների հետ պայմանագրերը, ինչ իրավունքով կարող է այդքան մարդ ընդունել աշխատանքի, եւ դա 10-ը չէ՝ ավելի է, ո՞վ է նրան թույլ տվել մեր խղճուկ միջոցների հաշվին ռեմոնտ անել, ի՞նչ են նշանակում իր կամայականությունները, մի ամբողջ տարի ես իրենից խնդրում եմ, որ իմ հետ զրույցի մեջ լինի, թե ինչպես պետք է կառուցենք մեր աշխատանքը, բայց նա ամեն կերպ ինձնից խուսափում է եւ փորձում է ինքնուրույն ձեւով ինչ-որ բաներ անել, որոնք մեր քոլեջի համար ճակատագրական եղան»։

Ինչ վերաբերում է ամեն ամիս իրեն վճարվող 100 հազար դրամ հավելավճարին, Ամիրխանյանն ասում է, որ չկա նման բան. «Այդպիսի բաներ ես չգիտեմ, ինքը ճիշտ եզրակացություններ չի անում, անցնում է հարձակման, փոխանակ եզրակացություն անի, թե ինչ է հարկավոր անել քոլեջի համար։ Ես հավելավճար չեմ ստանում, բանը դրանում չէ, ուզում է ինձ մեղավո՞ր հանել... ես քոլեջում չեմ այլեւս եւ շուտով իրեն այդ դիմումը պետք է գրեմ, որ ինձ ազատի։ Ես ուզում եմ աշխատել բանական մարդկանց հետ, որոնց համար կարեւոր է երեխայի ճակատագիրը, այլ ոչ թե իր կամայականությունները»։

Ինչ վերաբերում է իր աշխատանքային անօրինական համատեղություններին, ապա, Ամիրխանյանի կարծիքով, ինքը ոչ մի աշխատանքային կանոն չի խախտել, իսկ եթե անգամ խախտել է՝ թող ժամանակին իրեն ասվեր։ «Վաղն արդեն աշխատավարձ չի լինելու, որ ուսուցիչներին տա, թող դրա պատասխանը տա, ոչ թե՝ աշխատանքային օրենք եմ խախտել, դա ի՞նչ խոսելու ձեւ է, դա բանական մարդու խոսք չէ, մի ընկեք նրա թակարդը, գլխավոր խնդիրը նա է, թե որն է այսօր քոլեջի հեռանկարը, թող փորձի քոլեջը կարգի բերել, ոչ թե կանգնեցնի կրախի առջեւ»,- ասաց Ամիրխանյանն ու հավելեց, որ հրաժարվում է Դավթյանի հետ աշխատել. «Բանականություն չունեցող մարդ է, ես նրա հետ ո՞նց աշխատեմ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել