«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիրը Թոմ Քաթինան է:

Մրցանակը Թոմ Քաթինային հանձնել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը:
 
Հեղինակավոր միջազգային ժյուրին դափնեկրի ընտրությունը կատարել է «Ավրորա 2017»-ի հինգ արժանավոր հավակնորդներից

Սուդանի 750,000 բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, օրուգիշեր ջանք չի խնայում հոգալու պատերազմից ավերված այս տարածաշրջանի բնակիչներին։ Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ բռնկված քաղաքացիական պատերազմի բոլոր տարիներին Թոմն անթիվ մարդկանց կյանք է փրկել «Գթության մայր» հիվանդանոցում, որը միակ գործող հիվանդանոցն է ամբողջ տարածաշրջանում։

story image

Բժիշկ Թոմ Քաթինան, ում տեղացիները ճանաչում են որպես «Դոկտոր Թոմ», պատերազմն սկսելուց ի վեր անդադար աշխատել է՝ հնարավորինս մեղմելու պատերազմի սարսափները։ Ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռեւս խաղաղ ժամանակներում։
 
Երբ պատերազմ սկսվեց նրան առաջարկեցին դուրս գալ երկրից, բայց բժիշկը պնդեց, որ կմնա։ «Երբեք չեմ ափսոսացել այդ որոշմանս համար,– ասում է Թոմ Քաթինան, - այստեղ առավել քան երբեւէ իմ կարիքն ունեին։ Ես չէի կարող ուղղակի վերցնել ու լքել մարդկանց, որոնց բախտի բերմամբ սկսել էի ճանաչել հենց այն պահին, երբ նրանք բոլորից շատ ունեին աջակցության կարիք։ Ամենակարեւորն այստեղ մարդիկ են: Այն, ինչ նրանք անում են, չի դադարում ինձ հիացնել»։ 
 
Բռնության տարածմանը զուգընթաց՝ տարածաշրջանի բնակիչներն անասելի տառապանքներ կրեցին։ Կառավարության հայտարարած «այրված հող» քաղաքականության հետեւանքով օդային ռմբակոծությունները վերածվեցին բազում տարիներ տեւող ամենօրյա երեւույթի։ Կործանվեցին գյուղեր ու ագարակներ՝ հարկադրելով մարդկանց բարձրանալու լեռները, ուր գրեթե սնունդ չկար։ Զանգվածային սովը սովորական դարձավ։ 
Բժիշկ Քաթինան օրական ստիպված էր ընդունել մոտ 500 հիվանդի, եւ սա՝ մի տարածաշրջանում, որտեղ այդ ժամանակ մարդասիրական կազմակերպություններին արգելվեց օգնություն առաքել, իսկ միջազգային հանրությունն աչք փակեց այդ ամենի վրա։ Սոսկալի այրվածքներով հիվանդներին, կտրված ոտքերով նորածիններին, բորոտներին ու թերսնումից մեռնողներին խնամելը նրա համար դարձավ առօրյա։ 
 
«Մի օր բուժում էի վաթսունն անց մի կնոջ, որն ընտանիքի հետ միասին քարանձավում թաքնվելիս էր եղել, երբ նրա առաջ ռումբ էր պայթել՝ ջարդուխուրդ անելով ոտքն ու վնասելով ազդրոսկրը, – հիշում է Թոմը, – ոտքն հեռացնելուց եւ կնոջը վերականգնման ուղարկելուց հետո ռմբակոծությունը վերսկսվեց։ Հիվանդանոցն ընկավ հարվածի տակ, եւ 11-ամյա մի աղջնակ սկսեց բարձր ճչալ։ Երբ օդային հարվածից հետո մարդիկ լցվեցին հիվանդանոցի հատակին, այդ կինը, չնայած որ քիչ առաջ էր կորցրել ոտքը, ամբողջ ուշադրությունը բեւեռել էր փոքրիկ աղջնակին հանգստացնելու վրա։ Որքա՜ն ուժ կար այս բացառիկ մարդու մեջ՝ չնայած ահավոր ցավին։ Նմանատիպ իրավիճակներում մարդկանց գտած լավատեսությունն ուղղակի ապշեցնում է»։ 
story image
 
Ներկայումս օդային անընդհատ ռմբակոծությունները դադարել են, բայց մարդիկ շարունակում են տառապել։ Բժիշկ Քաթինան անհանգստացած է, որ պատերազմին հետեւած տեղահանությունը հանգեցրել է ծայրահեղ սովի։ «Իմ համոզմամբ՝ ներկայիս ամենամեծ ճգնաժամը սննդի պակասն է,– ասում է Թոմը,- մենք Հարավային Սուդանի սահմանին ենք, իսկ այդ երկրում սով է։ Միեւնույն խնդիրներն ու եղանակային պայմանները ազդում են նաեւ այստեղ՝ մեզ վրա. ահավոր կացության մեջ ենք»։ 
 
Տարածաշրջանը շարունակում է մնալ պատերազմական գոտի՝ անորոշ ապագայով։ Քաթինան հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, եւ նրա կարեւորագույն առաջնահերթությունն այն է, որ հիվանդանոցը կարողանա տրամադրել տարրական բուժօգնություն։ Էլեկտրաէներգիայի ու հոսող ջրի առկայությունը սահմանափակ է, չկա մշտական հեռախոսակապ։ Լինում է, որ մարդիկ մեկ շաբաթվա ճանապարհ են կտրում՝ հիվանդանոց հասնելու համար, ուր բացակայում են անգամ կենսական անհրաժեշտության այնպիսի գործիքներ, ինչպիսին, օրինակ, ռենտգենյան սարքն է։ Բժշկական պարագաները սահմանափակ են, հաճախ՝ պարզապես չկան։ 
Նա եղել է նաեւ 2016 թվականի առաջին «Ավրորա» մրցանակի հավակնորդ։ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» ամենամյա մրցանակը բարձրացնում է աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործությունների մասին հանրային իրազեկությունը՝ պարգեւատրելով նրանց, ովքեր իրական եւ նշանակալի գործ են կատարում հրատապ հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարն է։ Աշխարհում անհամար վերապրողներ իրենց գոյությամբ պարտական են այլոց մեծահոգությանը, եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ճգնաժամի պահին օգնություն ստացած բոլոր մարդկանց ցանկանում են ոգեշնչել, որպեսզի երախտապարտ լինեն՝ իրենց հերթին նմանօրինակ աջակցություն տրամադրելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել