Երեկ Երևանի ամենասիրված ժամանցային վայրերից մեկում՝ Yans Music Hall-ում, կայացել է Քրիստինե Պեպելյանի նոր՝ «Կամաց-կամաց» երգի ու տեսահոլովակի փակ շնորհանդեսը, որին հրավիրված էին լրագրողներ, ներկայացուցիչներ հայկական շոու բիզնեսից, արվեստի, մշակույթի բնագավառներից, մարդիկ, որոնց, ինչպես երգչուհին նշեց, համարում է իրեն հարազատ ու մտերիմ:

Միջոցառման մեկնարկից առաջ BlogNews.am-ը հասցրել է առանձնազրույց ունենալ երգչուհու հետ ու լսել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ՝ երգի ու տեսահոլովակի պատմության հետ կապված.

 

«Նախ՝ ուզում եմ ասել, որ ոչ մի լարվածություն չունեմ, որովհետև սա պաշտոնական միջոցառում չէ: Սա մտերմիկ հավաքույթ է, որին ներկա են լինելու հարազատ մարդիկ, որոնց ես հրավիրել եմ, մարդիկ, ովքեր ինձ գիտեն ճանաչված լինելուց առաջ և հետո, ու փառք Աստծո, նաև նշում են, որ չեմ փոխվել այս ճանապարհին։ Անկեղծ ասեմ՝ սա ինձ համար կոմպլիմենտ է: Սա տեսահոլովակի շնորհանդես է, որն առիթ է մեկ անգամ ևս հանդիպելու ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց հետ՝ տեսնելու իրար, իմանալու՝ ինչպես են, միմյանցից մեր կարոտները առնելու»:

 

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակները երիտասարդ ստեղծագործողներ են՝ Գուրո Գասպարյանը և Նարեկ Ստամբոլցյանը: Գործիքավորումը ևս Գուրո Գասպարյանինն է. «Երգը պատրաստի վիճակում ինձ առաջարկեց հեղինակը, ում հետ ծանոթ չէի: Լսելուց հետո շատ հավանեցի, շատ գեղեցիկ երգ էր, բայց հրաժարվեցի ու ասացի, որ չեմ ուզում երգել զուտ նրա համար, որ շատ տխուր է: Սակայն երգի հեղինակը օրեր անց նորից զանգեց ու ասաց, որ այն էմոցիաներն ու հույզերը, որոնք ինքն է դրել երգի մեջ, միայն իմ մատուցմամբ կլինի փոխանցել մարդկանց, ու ստացվեց այնպես, որ ի վերջո որոշեցի կատարել երգը»:

 

Երգչուհին ասում է, որ «Կամաց-կամաց» երգը միմյանցից կամաց-կամաց, դանդաղ-դանդաղ հեռացող մարդկանց մասին է: «Ես միշտ ասում եմ՝ երգիչը ունկնդրի ու հեղինակի միջև միջնորդ է հեղինակի զգացմունքները հնարավորինս ազնվորեն ու ճիշտ ունկնդրին հասցնելու ճանապարհին: Ամեն ինչ արել եմ, որպեսզի այս երգը լսողները տեսնեն, զգան այն հույզերն ու ապրումները, որոնցով  հեղինակներն են այն ստեղծել»:

 

Շնորհանդեսի երեկույթի թեման Փարիզն է՝ ծանոթ ու անծանոթ իր գույներով, խորհրդանիշներով, քանի որ երգի տեսահոլովակն էլ հենց Փարիզում է նկարահանվել. «Խնդիրը դրված էր ոչ թե այնպես, որ տեսահոլովակը պետք է անպայման Փարիզում նկարահանվի, այլ խնդիրն այն էր, որ տեսահոլովակը պետք է նկարահանվի այնպիսի քաղաքում, որը սև ու սպիտակի մեջ շատ գեղեցիկ լինի, քանի որ առաջին րոպեից էր արդեն որոշված, որ տեսահոլովակը պետք է սև ու սպիտակի մեջ լինի: Իսկ Փարիզն, ինչպես գիտեք, սև ու սպիտակի մեջ իսկական գեղեցկուհի է»,- նշում է երգչուհին ու շեշտում, որ այս տեսահոլովակի շնորհիվ Փարիզից վերադարձել է դրական ու հրաշալի զգացողություններով ու հիշողություններով. «Փարիզից ամբողջ թիմով վերադարձել ենք է՛լ ավելի շատ միմյանց սիրելով, որովհետև այս աշխատանքը մեզ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ իրարով հիանալու, միմյանց գնահատելու ու լավ հիշողություններ ունենալու: Երբ մարդկային հիասթափություններ չեն լինում, դա ամենամեծ ձեռքբերումն է ցանկացած գործում»:

  

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը գոհ է ստացված արդյունքից, ասում է՝ շատ չեն չարչարվել, սակայն դժվարություններն էլ հաղթահարել են լավ տրամադրության ու թիմի ներսում ստեղծված հրաշալի փոխհարաբերությունների շնորհիվ. «Այսպիսի տեսահոլովակներ նկարելը շատ հեշտ է, առավել ևս, եթե դա Փարիզի նման շքեղ քաղաքում է արվում, սակայն դժվարություններ էլ են եղել, որոնք կարողացել ենք հաղթահարել: Տեսահոլովակի տեսարաններից մեկը նկարահանված է Փարիզի Muse’e d’Orsay թանգարանում, որտեղ իրականում միայն հեռախոսով է թույլատրվում որևէ բան նկարել, բայց մենք հենց ժամացույցի տեսարանն այդտեղ նկարահանեցինք պրոֆեսիոնալ տեխնիկայով: Քրիստինեի թեթևությունն այնքան վարակիչ է: Իր պահվածքի, տրամադրության շնորհիվ այնքան հեշտ է ընթացել աշխատանքային ողջ ընթացքը՝ Փարիզի արևը, Քրիստինեի թեթև քայլվածքը, բարակ անձրևանոցը. ամեն ինչ այնքան հրաշալի էր»,- վերհիշում է ռեժիսորն ու հավելում,- «Պարզ, մինիմալիստական տեսահոլովակ ենք ստացել, որը շատերին կարող է ապացուցել, որ մինիմալիզմը ոչ թե պրիմիտիվ, պատերի տակ սև ու սպիտակ տեսարաններն են, այլ ահա այսպիսի գեղեցիկ աշխատանքը, որն իր թեթևությամբ հանդերձ շատ շքեղ է ստացվել»:

Ռեժիսորը նաև շեշտում է, որ Փարիզում նկարահանված տեսահոլովակում չկա փարիզյան ոչ մի սիմվոլիկա, որն իսկույն կմատնի՝ Փարիզում է նկարված: Նպատակը ոչ թե Փարիզում նկարահանելն էր, այլ, ինչպես Քրիստինե Պեպելյանը նշեց, սև ու սպիտակ տեսահոլովակ նկարելն այնպիսի մի քաղաքում, որն այդ երկու երանգների մեջ կլինի շքեղ ու խոսուն: Տեսահոլովակի ողջ ընթացքում հերոսուհին, ում այս անգամ հենց երգչուհին էլ մարմնավորել է, քայլում է Փարիզի Շանզելիզե հանրահայտ փողոցով ու տպավորություն է, թե նկարահանումների համար ստեղծագործական խումբը փողոցը փակել է, սակայն ռեժիսորը նշում է, որ նման բան չի արվել, պարզապես ճիշտ ռակուրսների, ճիշտ ընտրված օրվա ժամի շնորհիվ ստացվել են այնպիսի կադրեր, որոնցից տպավորություն է, թե ամբողջ Փարիզում Քրիստինեն մենակ է:

  

Երգ կյանքի մասին, տեսահոլովակ, որի կադրերը դիտելիս յուրաքանչյուր մարդ կպատկերացնի կյանքի իր անցած ճանապարհը, այդ ճանապարհին իր կորցրած սիրո պատմությունը, երգ, որի մեջ ամեն մեկն իրենը կգտնի. այսպես կարելի է բնութագրել «Կամաց-կամաց» երգը, որը լայն լսարանին հասանելի կլինի մայիսի 29-ից:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել