Похожее изображениеԱյսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, լեզվակռիվ առաջացավ Դավիթ Հարությունյանի և Արծվիկ Մինասյանի միջև, ինչը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ՀՀԿ-ՀՅԴ, ավելի ճիշտ՝ Կարեն Կարապետյան-ՀՅԴ հակամարտությունը: Ինչո՞ւ ենք խոսում այս թեմայով, որովհետև բանավեճի թեման ոչ թե բովանդակային զրույցն էր, այլ պարզապես ինչ-որ անհասկանալի սկզբունքների վերաբերյալ պնդումները: Արդեն երևի թե ավելորդ է խոսել Դաշնակցության վերաբերյալ վարչապետի վերապահումների մասին, ու պառլամենտական ընտրությունների արդյունքներով Կարապետյանը հույս ուներ հենց միայնակ ձևավորել նոր կառավարությունը՝ առանց կողմնակի գլխացավանքների ու քաղաքական ուժերի: Սա երևի թե ամենաէական ու կարևոր հարցն էր, որ քննարկման առարկա էր վարչապետի ու նախագահի միջև: Սակայն դա տեղի չունեցավ, ու չնայած ընտրություններում ՀՀԿ-ն հավաքեց մոտ 54 տոկոս ձայն լրացուցիչ բոնուսներով, միևնույն է, Դաշնակցության հետ կոալիցիան համարվեց անխուսափելի: Հետևաբար վարչապետը նրանց դեռ առնվազն մինչև 2018 թվականը, եթե, իհարկե, որևէ արտառոց դեպք ու պատահար չգրանցվի, ստիպված է հանդուրժել: Ինչ մնում է բուն կոնֆլիկտի կողմերին, ապա Դավիթ Հարությունյանի ու Արծվիկ Մինասյանի ջրերը վաղուց մի առվով չեն գնում: Առհասարակ, Դաշնակցությունը ամեն կերպ փորձում է իշխանության մեջ դասավորվել այնպես, որ չզգացվի յուր հինգտոկոսանոց դերը, այլ կուսակցությունն ու ղեկավար մարմնի պաշտոնյաներն ընկալվեն որպես իրական իշխանություն ունեցող ու որոշումների վրա ազդեցություն ունեցող թիմ: ՀՀԿ-ն, իհարկե, գոնե այս պահին Դաշնակցությանը զիջելու ոչինչ չունի, սակայն հին ընկերները մի տարօրինակ ու շատ կարևոր հնարքի են տիրապետում՝ ջրից մշտապես չոր են դուրս գալիս: Այնպես որ, այս պայմաններում ավելի շատ մտածելու տեղ ունի ոչ թե ՀՅԴ-ն, այլ հենց ՀՀԿ-ն: Չէ՞ որ իշխանությունը հաճելի բան է, սակայն միշտ չէ, որ ձեռքիդ է, իսկ Դաշնակցությունը հարյուր տարուց ավել գոյություն ունի արդեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել