ATV հեռուստաալիքով հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» սերիալը շատերն են հասցրել սիրել: Հետաքրքիր ու տարբերվող սյուժեով հեռուստապատման մասին BlogNews.am-ն արդեն պատմել է իր ընթերցողին: Նաև պատմել ենք այն մասին, որ ֆիլմի գլխավոր հերոսին՝ մանկաբույժ Գևորգին մարմնավորող դերասան Գևորգ Գրիգորյանի ոտքի վնասվածքը ոչ թե բեմականացված է, այլ իրական: Իսկ ոտքի բարդ վնասվածքը դերասանը ստացել է վթարի արդյունքում, որին նա ենթարկվել է իր մոտոցիկլետով, անցած տարվա հուլիսի 3-ին:

Ինչպե՞ս է ընթանում Գևորգի ապաքինման գործընթացը, քանի՞ վիրահատություն է տարել, և դեռ որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի դերասանին տեսնենք լիարժեք առողջ։ Հարցերի շուրջ այսօր զրուցել ենք Գևորգի հետ.

«Արդեն մեկ վիրահատություն եղել է, սակայն առաջիկայում էլ է սպասվում մեկը՝ ամսի 3-ին, Մոսկվայում»,- ասում է Գևորգն ու հավելում, որ բժիշկների նախնական կանխատեսումներով՝ ոտքի վերջնական առողջացումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին:

Նշենք, որ Գևորգը դերում հաստատվել է արդեն իսկ վնասվածքով, քանի որ թե՛ դերասանը և թե՛ ֆիլմի ռեժիսորը ակնկալում էին, որ ապաքինումը արագ կլինի, և կերպարային գիծը Գևորգը կշարունակի արդեն իսկ առողջ ոտքով: Սակայն ընթացքում բարդություններ են առաջացել, և արդյունքում դերասանը, արդեն քանի ամիս է, վնասվածքով է նկարահանվում:

«Թիմի աջակցությունը շատ է ինձ օգնում: Եթե դա չլիներ, ապա անհնար կլիներ իմ նկարահանվելը: Շատ հաճելի մթնոլորտում ենք աշխատում՝ չնայած նրան, որ վնասվածքիս պատճառով դժվարություններ շատ են լինում»,- նշում է դերասանը:

Հուսանք, որ առաջիկա վիրահատությունն իսկապես վերջինը կլինի Գևորգի համար, և դերասանին շուտով կտեսնենք լիարժեք կազդուրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել