Newmag.am-ը գրում է.

Օսկար Ուայլդ. մասսոնական հայացքներ, հոմոսեքսուալություն, հարբեցողություն` մինչդեռ նա ապրում էր իր սեփական ժամանակի ու տարածության մեջ

Այսօր իմ բարի շուրջը տիրում էր նոր ընտանիքի ստեղծման խինդն ու ուրախությունը. հյուրերը նորաթուխ այր ու կնոջը մաղթում էին երջանկություն, խորհուրդներ էին տալիս իրենց փորձառության բարձունքներից և պատմում երջանիկ ընտանիքի գաղտնիքները։ Շամպայնի շշերը կրակում էին օդ, գոչյունները լցրել էին սենյակը, իսկ շնորհավորանքները տեղում էին սեփական ապագան առհասարակ չպատկերացնող, բայց արդեն պաշտոնապես ընտանիք հայտարարված զույգի վրա։ Այս համընդհանուր ուրախության մեջ նորապսակ հարսը, շամպայնի շիշը ձեռքին, մոտեցավ իմ բարին։ Առաջարկածս բաժակը մերժեց։ Նոր էր պատրաստվում խանդավառ պղպջակներով լի շիշը մոտեցնել բերանին, երբ ընկերները հետ կանչեցին նրան, որ ականջալուր լինի կյանքի հերթական իմաստությանը։ Մի վերջին թախծոտ հայացք գցեց մեկ ինձ, մեկ այդպես էլ չխմած շամպայնի շշին, թեթևակի շարժումով խոպոպը հեռացրեց ճակատից և հմայիչ ժպիտը դեմքին՝ միացավ խրախճանքին։ Հնարավոր չէր ավելի լավ նկարազարդում գտնել Օսկար Ուայլդի սրամիտ կերպարի՝ Ալջի Մոնքրիֆի խոսքին. «Ամուսնացած ընտանիքներում կարծես շամպայնը դադարում է լինել նախընտրելի խմիչք։ Ասա՛ ինձ, Լե՛յն, իրո՞ք ամուսնությունը հիրավի այդքան բարոյալքող է»։

«Առաջին բաժակից հետո դու տեսնում ես իրերն այնպես, ինչպես երազում ես, որ դրանք լինեն,

Երկրորդից հետո տեսնում ես այն, ինչ իրականում չկա։

Այնուհետև, ի վերջո, տեսնում ես ամենը, ինչպես կա,

Եվ դա թերևս ամենադաժան փորձությունն է քո կյանքում»։

Դուբլինում ծնված այս երիտասարդը մանկուց ուներ հաջողված կյանքով միջին վիճակագրական բրիտանացի դառնալու բոլոր նախադրյալները: Վարժ խոսում էր ֆրանսերեն և գերմաներեն, Օքսֆորդում սովորելու տարիներին ուսումնասիրում էր հռոմեական ու հունական պատմություն և փիլիսոփայություն։ Ծնողները հարգված էին լայն շրջանակներում. մայրը բանաստեղծությունների հեղինակ էր և գրական թարգմանություններ էր անում, հայրն էլ ասպետի կոչման էր արժանացել բժշկության ոլորտում իր ավանդի համար։ Ու չնայած երջանիկ ընտանիքի այս կերպարին՝ Օսկար Ուայլդը հաջողեցրեց մարդկանց հիշողության մեջ մնալ որպես բոլոր ժամանակների ամենավրդովեցուցիչ համբավն ունեցող կերպար, որը ճակատագրի հեգնանքով նաև կյանքի ու մարդկանց մասին ամենադիպուկ տողերի հեղինակն էր։

Վիկտորիանական Անգլիայի ցուցադրական սակավապետ հասարակության կարծիքով ամեն ինչ սկսվեց մասոններից։«Մագդալեն» քոլեջում ուսանելու տարիներին Ուայլդը հայտնվեց մասոնների շրջապատում և, օթյակի գործունեությամբ հմայված, կարճ ժամանակում դարձավ նրանցից մեկը։ Մասոնական օթյակում նրա առաջընթացը բավական խոստումնալից էր. անկեղծորեն կիսելով իր եղբայրների գաղափարախոսությունը՝ Ուայլդը փորձում էր ամեն կերպ օգտակար լինել։ Այնուամենայնիվ, հենց այստեղ էր, որ Ուայլդը վարժվեց շքեղ ապրելակերպին և թանկ աքսեսուարներին. 4 տարի անց գերածախսի և անդամավճարն ամիսներ շարունակ ուշացնելու պատճառով կասեցվեց նրա անդամակցությունն «Ապոլլոն» օթյակին։

Վիկտորիանական բարձրաճաշակ հասարակությունը Ուայլդի կերպարը բացատրում էր նաև իր հարբեցողությամբ։Աբսենտի հանդեպ նրա հակվածության մասին այնքան լեգենդներ են հյուսվել, որ դժվար է պատկերացնել, որ իրականում Օսկար Ուայլդը բավական անտարբեր էր այս խմիչքի հանդեպ։ Ավելին, նա պնդում էր, որ այդպես էլ չկարողացավ լիարժեք սիրել աբսենտի համը, պարզապես խմիչքն այնքան սազական էր իր կերպարին, որ մեծ բացթողում կլիներ արհամարհել այն։

Այնտեղ, որտեղ մարդիկ տեսնում էին միայն դավադրություններ ու հարբեցողության թմբիրի մեջ նիրհող ուղեղ, թաքնված էր գեղեցիկը գտնելու անվերջ մրցավազքը։

Իսկ իրականում ամեն ինչ սկսվեց էսթետիզմով տարվելուց։ Շարժման հետևորդները՝ երաժիշտներ, նկարիչներ և գրողներ, իրենց գործերում և կյանքում կարևորում էին գեղեցկությունը և ոչ սոցիալական հարցադրումներ կատարելը կամ խորքային իմաստի փնտրտուքը։ «Արվեստը հանուն արվեստի». այսպես էին նրանք նկարագրում իրենց գործը։ Էսթետիզմն ուղղակիորեն սերում էր դեկադանսից, քարոզում էր երբեմն արհեստականության հասնող չափանիշներ, և, բնականաբար, դրա հետևորդներն արժանանում էին «լուրջ» արվեստի սիրահարների քննադատությանը։

Այդպես էլ Ուայլդը, 1870-ականներից հարելով էսթետիզմին, իր` այդ ժամանակ դեռ նեղ շրջապատում հայտնի դարձավ էքստրավագանտ վարքով ու բոլորի համար անհասկանալի կերպարով։ «Մագդալեն» քոլեջում սովորելու տարիներին նա իր սենյակը զարդարել էր սիրամարգի փետուրներով, շուշաններով, արևածաղիկներով, հյուր ընդունելիս թեյը մատուցում էր միայն թանկ ճենապակե գավաթներով։ Հյուրերի ապշած հայացքներին ի պատասխան՝ նա ցրված ժպիտով հայտարարում էր, որ նրանք պատկերացում էլ չունեն, թե ինչ բարդ է ապահովել «իր թանկ սպասքին համապատասխան ապրելակերպ»։

Ուայլդի և այդ ժամանակի Անգլիայի միջև անհաղթահարելի մեկ այլ տարբերություն էլ կար՝ հեղինակի հախուռն և անկայուն վերաբերմունքը կրոնի հանդեպ։ Մանուկ հասակում նա մկրտվել էր անգլիկան եկեղեցում, այնուհետև մոր խնդրանքով մեկ անգամ էր մկրտվել, այս անգամ՝ կաթոլիկ քահանայի ձեռքով։ Մասոնական փուլի ավարտից հետո նա որոշեց վերադանալ կաթոլիկ եկեղեցու գիրկը։ Կրոնի հանդեպ նորահայտ իր հետաքրքրությունը Ուայլդը փայփայում էր մեծագույն նվիրումով։ Նա հանդիպումներ կազմակերպեց բարձրաստիճան հոգևորականների հետ, նույնիսկ առանձնազրույց ունեցավ Հռոմի Պիոս IX պապի հետ։ Ներշնչվելով աստվածաբանական դոգմաների քննարկումով և բարեպաշտ քրիստոնյայի կերպարը որդեգրելու որոշումով՝ նա կարգադրեց կազմակերպել իր երրորդ մկրտությունը։ Նշանակված օրը, սակայն, Օսկար Ուայլդի փոխարեն եկեղեցու խորանի աստիճաններին կարելի էր տեսնել միայն շփոթված քահանային և սպիտակ շուշանների մի հոյակապ փունջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել