Related imageԱդրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ին հարցազրույց է տվել Ադրբեջանում գյուղատնտեսության ոլորտի հայտնի փորձագետ Վահիդ Մագերամովը, ով մի քանի ուշագրավ բացահայտումներ է արել։ Անդրադառնալով Ադրբեջանի կարտոֆիլային շուկայում տիրող իրավիճակին՝ փորձագետն ասել է բաներ, որի համար կարող է հայտնվել բանտում, քանի որ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից նման բացահայտումները դիտվում են որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Ըստ Վահիդ բեյի՝ Ադրբեջանի կարտոֆիլի պակասը լրացվում է Վրաստանից այն գնելով, որը, սակայն, ըստ Մագրերամովի, ինքն իրեն չի կարող ապահովել այդ գյուղմթերքով։ Ըստ այդմ՝ ազերի գյուղփորձագետի կարծիքով՝ վրացական կարտոֆիլի անվան տակ Ադրբեջանում է հայտնվում հայկական կարտոֆիլը, որը Վրաստան է բերվում հարևան Հայաստանից։ Մագերամովը համոզված է, որ, բացի հայկական կարտոֆիլից, Ադրբեջան է արտահանվում նաև մանր և խոշոր եղջերավոր անասունների բավական մեծ քանակություն, ինչպես նաև ծիրան։ Ըստ նրա՝ միայն Արցախից անցյալ տարի Վրաստան է արտահանվել 700 հազար գյուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք վրացականի անվան տակ վաճառվել են Ադրբեջանին։ Անկեղծ ասած՝ չզարմացա, երբ կարդացի այս հարցազրույցը։ Հայաստանում արտադրված գյուղմթերքը, համեմատած հարևան երկրներում արտադրվածի հետ, բավական որակյալ է և մեծ պահանջարկ ունի մեր հարևան երկրներում՝ Վրաստանում, Իրանում, և ըստ ազերի փորձագետի՝ նաև Ադրբեջանում։
Շատ ափսոսում եմ, որ մեր էկոլոգիապես մաքուր սննդամթերքը վաճառվում է Ադրբեջանում այն դեպքում, երբ մեր հայրենասիրությունից զուրկ որոշ չինովնիկներ և առևտրականներ Ադրբեջանից ներկրում են թունավոր խնձորներ։
Հ.Գ. Ադրբեջանական մամուլում հաճախ կարելի է հանդիպել տեղի սահմանապահների և մաքսատների կողմից Ադրբեջանի և Վրաստանի սահմանին հարազատ քաղաքացիներից առգրավված հայկական կոնյակի, ծիրանի, ծխախոտի և այլ ապրանքների մասին տեղեկությունների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել