Աշխարհի տարբեր երկրներում ապրող շատ մարդիկ իրենց օրը սկսում են մեկ գավաթ բուրումնավետ սուրճ ըմպելով։ Եվ սա բնական է, քանի որ, բացի հաճելի համից, սուրճը մեզ տալիս է այդքան անհրաժեշտ էներգիայի չափաբաժինը, որի շնորհիվ էլ մենք կարողանում ենք շատ վաղ ժամերից լիովին ակտիվ կենսագործունեություն վարել։ Սա հայտնի է բոլորին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է կատարվում օրգանիզմում ամեն օր սուրճ խմելու հետևանքով։

BlogNews-ը որոշել է սույն հոդվածով փակել ինֆորմացիոն այդ անդունդը և բացահայտել ամեն օր սուրճ խմելու ազդեցություններն օրգանիզմի վրա։

1. Արագանում է նյութափոխանակությունը

Սա լավ նորություն է մարզանքով զբաղվող մարդկանց համար։ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը բնականորեն ավելացնում է էներգիայի մակարդակը՝ այդ կերպ արագացնելով նյութափոխանակությունը և օգնելով ավելի առույգ սկսել օրը։ Բացի այդ՝ մի շարք հետազոտություններ փաստում են, որ սուրճի օգտագործումն օգնում է 66%-ով ավելի արագ լրացնել ծախսված էներգիայի պաշարները։

2. Սուրճն ավելի է առողջացնում ուղեղը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 3-5 գավաթ սուրճ ըմպելը 65%-ով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ ամեն օր սուրճ ըմպելը նվազեցնում է Փարքինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը 32-60%-ով՝ կախված գենետիկ առանձնահատկություններից։ Բացի այդ ամենից՝ սուրճը բարելավում է ընկալման ունակությունը, տրամադրությունը, արձագանքի արագությունը, հիշողությունը և զգոնությունը։

3. Սուրճն ավելի երջանիկ է դարձնում մարդուն

Հարվարդի Հանրային առողջապահական ուսումնարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրական 2-4 գավաթ սուրճ ըմպող մարդիկ 50%-ով ավելի քիչ հավանականությամբ են հակված ինքնասպանություն գործելուն։ Բացի այդ՝ սուրճը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, վիտամիններ և այլն։ Այս ամենը մեծապես նպաստում է լավ ինքնազգացողությանը և երջանկության հորմոնների արտադրությանը։

4. Սուրճ ըմպելը նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 4 կամ ավել գավաթ սուրճ ըմպող մարդկանց մոտ մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը 20%-ով ավելի ցածր է։

5. Նվազում է երկրորդ տեսակի դիաբետի զարգացման հավանականությունը

Հարվարդի Հանրայի առողջապահական ուսումնարանի կատարած մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամեն օր սուրճ ըմպող մարդիկ 11%-ով ավելի քիչ հավանականությամբ են զարգացնում երկրորդ տեսակի դիաբետ։

Քանի որ դուք արդեն գիտեք սուրճ ըմպելու առավելությունները, այսուհետ ամեն առավոտ ինքներդ Ձեզ սուրճով ուրախացնելու ևս 5 ծանրակշիռ պատճառ ունեք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել