Հիշենք Հայ Ժողովրդի Մեծն զավակին. փառք ու պատիվ: 
Նելսոն Ստեփանյան
Հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվական մարտի 28-ին Շուշի քաղաքում: Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս Է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը: Նելսոն Ստեփանյանը 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ.` Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935–38թթ. աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 1938–41թթ. սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում:
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945թթ.) սկզբին Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում. «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում: 20-րդ թռիչքի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո՝ 1941թ.-ի սեպտեմբերից, օղակի հրամանատար Ստեփանյանը Բալթիական նավատորմի 7-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը, համարձակ ու անձնուրաց գործողությունների համար արժանացել է հերոսի կոչման (3. 10. 1942): 1942թ. նշանակվել է 57-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, բայց նրան ճակատից հետ են կանչել, հանձնարարել կադրերի պատրաստման աշխատանք Բալթիական նավատորմի ռազմածովային ուժերի թռիչքային և բարձրագույն սպայական դասընթացներում: Սակայն խնդրանքներին տեղի տալով՝ նրան կրկին տեղափոխել են ռազմաճակատ: 1944թ.-ի ապրիլին գունդը գործուղվել է Ղրիմ, որտեղ Ստեփանյանն աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի մարտերում: 1944թ. Բալթիական նավատորմի կազմում մասնակցել է թշնամու ուժերի ոչնչացմանը Ֆիննական ծոցում, Մերձբալթիկայից ֆաշիստների դուրսմղմանը: 1944թ.-ի օգոստոսի 20-ին (զոհվելուց մոտ 4 ամիս առաջ) երկրորդ անգամ է ներկայացվել հերոսի կոչման: Զոհվել է դեկտեմբերի 14-ին, Բալթիկ ծովում՝ Լիեպայա քաղաքի մերձակայքում. այրվող օդանավը, ուղղելով դեպի թշնամու նավախումբը, ապահովել է զինակիցների հաղթանակը: Նրան հետմահու երկրորդ անգամ շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում (6.03.1945): Ստեփանյանը կատարել է 289 մարտական թռիչք. խորտակել է 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետեր, 40 երկաթուղային վագոններ, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ:
Նելսոն Ստեփանյանի կյանքի և սխրագործությունների մասին գրել են հայ, ռուս, լատիշ գրողներ ու բանաստեղծներ: Ստեփանյանի կիսանդրիները տեղադրվել են Շուշիում, Երևանում, Ստեփանակերտում, հուշարձանը՝ Լիեպայայում (ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել է Կալինինգրադ): Նրա անունով ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, մանկապատանեկան կազմակերպություններ և մեծ ձկնորսանավ, թողարկվել են նամականիշեր: Երևանի 71 դպրոցում ստեղծվել է հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել