Похожее изображениеԱդրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ հարցը քննարկվել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպմանը Թբիլիսիում:
Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 4-14-ը Վրաստանում: Զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ուժերը։

Եթե թուրք-ադրբեջանական տանդեմի համար այդպիսի զորավարժությունների անցկացումը նպատակ ունի հետագայում զորքերի փորձն օգտագործել Ղարաբաղի դեմ, ապա Վրաստանի համար այդպիսի կոալիցիայի մաս կազմելը մի կողմից հարվածում է հայ-վրացական հարաբերություններին, մյուս կողմից` պրակտիկ առումով ոչինչ չի տալիս վրացական զինված ուժերին. Աբխազիայի ու Հվ. Օսիայի դեմ պատերազմել, ըստ ռուս-աբխազական ու ռուս-օսական նոր պայմանագրերի, կնկաշակի պատերազմել ՌԴ-ի դեմ, որի զորքերն էլ հսկում են աբխազա-վրացական ու աբխազա-օսական սահմանը։

Վրաստանի զինված ուժերի պատրաստությունը տեղի է ունենում ամերիկյան, ՆԱՏՕ-կան չափանիշներով, նրանց մասնագետների օգնությամբ ու տարբեր ֆորմատներով զորավարժությունների ընթացքում (Վազիանի, Աֆղանստան, Իրաք և այլն), սակայն Վրաստանի մասնակցությունը թուրք-ադրբեջանական տանդեմի զորավարժություններին: Իհարկե, Վրաստանի ներքին գործն է ու սուվերեն իրավունքը, սակայն դա բացասական երանգ է թողնում հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր տրամաբանության, ոգու վրա։ Դա նույն է, ինչ ՀՀ-ն մասնակցի աբխազական և օսական զորքերի հետ համատեղ զորավարժություններին։

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է: Ինչպես հայտնել է Վրաստանի ազգային վիճվարչությունը, նախորդ տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 550 միլիոն դոլար, ինչը կազմում է ուղիղ ներդրումների 35%-ը: Թուրքիան նույն վիճվարչության տվյալներով՝ 73 միլիոն (5%) ներդրումներ է կատարել: Այսինքն՝ թուրք-ադրբեջանական ընդհանուր ներդրումները վրացական տնտեսության մեջ գոնե նախորդ տարվա տվյալներով կազմել են ուղիղ ներդրումների 40%-ը, ինչը զգալի թիվ է:

Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են։ Ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնք, որը Բաքվի կողմից ազդեցության՝ այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ՝ կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի դեմ (Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան), այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:

Վրաստանի բնակչությունը ծերանում է, վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով ՀԷԿ-երի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային՝ դե-յուրե՝ հայ-վրացական սահմանը, դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:
Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:

Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է ՀՀ-ի ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել