Похожее изображениеՀանրությունը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի՝ 2040 թվականի վերաբերյալ հայտարարությունը, որտեղ նախագահը ազդարարում էր Հայաստանի բնակչությունը չորս միլիոն դարձնելու մտադրությունը, տեսան բավականին պարզ ակնարկ, ըստ որի՝ Սարգսյանը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչև այդ թվականը։ Եվ ահա սկսվել է բազմաթիվ քննարկումների ու կարծիքների մի շարք, որտեղ արդեն իսկ պլաններ են գծվում «ռեժիմից ու անձամբ Սերժ Սարգսյանից» ազատվելու համար։ Իրականում, սակայն, կա շատ ավելի կարևոր շեշտադրում, որին վերոնշյալ շրջանակները և, ինչու ոչ, հանրությունը զորավիգ չեղան ու քննարկման առարկա չդարձրին։ Իհարկե, կարելի է տարիներով խոսել այն մասին, որ դա հերթական բլեֆն էր, սակայն ուշադրության ու քննարկման առարկա հաստատ պիտի դառնա։ Եվ ուրեմն՝ նախագահը հայտարարեց, որ հաջորդ սերունդների ու իշխանության վրա չեն թողնելու ԼՂՀ հիմնախնդրի լուծումը։ Սա, ինչպես գիտեք, Հայաստանի քաղաքական օրակարգի ամենամեծ խնդիրն է, որը չի լուծվում շուրջ 25 տարի։ Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, թե խնդրի կարգավորման համար նոր իշխանություն ու մոտեցումներ են պետք, որ լուծող լինեին, վաղուց կկարգավորեին, ու սա ընդամենը ժամանակ ու իշխանություն ձգելու միջոց է։ Սակայն ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ խնդիրը կարգավորելն իրականում այդքան հեշտ չէ։ Նախ՝ հարցն ավելի հասանելի դարձավ հանրության համար։ Մարդիկ մինչ այդ չգիտեին՝ ինչ է մադրիդյան սկզբունքը, մոտեցումները, չգիտեին Ադրբեջանի իրական մտադրություններն ու երևի թե չէին սպասում, որ թշնամին պատերազմ կսանձազերծի։ Կարելի է ասել՝ ապրիլը սթափեցրեց հայ հանրությանը, ու հիմա քիչ թվով մարդիկ կգտնվեն, որ զարկ կտան նախկին պոպուլիզմին։ Ահա սրան պետք է ուշադրություն դարձնել ու չերևակայել, թե խնդիրը հնարավոր է կարգավորել շատ արագ։ Իրականում այս կոնֆլիկտը արժանի է ընդգրկվելու աշխարհի բարդագույն կոնֆլիկտների մեջ։ Սակայն մի տեսակ ներքին զգացում կա, որ գալիք տարիները վճռորոշ են լինելու դրա կարգավորման համար։ Ընդ որում՝ կապ չունի, թե ինչպիսի ֆորմատում՝ ռազմական կամ խաղաղ բանակցությունների, մեկ բան պարզ է, սակայն, որ Ադրբեջանն անգամ ապրիլյան դեպքերից հետո, որտեղ սարսափելի վնասներ է կրել ու ձախողվել, չի նահանջում խնդիրը իր օգտին կարգավորելու ուղուց ու քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Հետևաբար այս պարագայում Սարգսյանն իր անձնական հարցն է համարում նաև այս խնդրի լուծումը, որի միջով, կարելի է ասել, անց է կացրել իր ողջ գիտակցական կյանքը։ Հայանպաստ լուծման պարագայում երևի թե հայ ժողովուրդն ու հանրությունը նրան կներեն մինչ այս կատարված բոլոր սխալների ու բացթողումների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել