Ներկայացնում ենք հատված «Առավոտ»-ի խմբագրականից:
«Օպտիմալացումը լավ բան է: Եթե, իհարկե, զուտ կուսակցական նպատակներ չի հետապնդում: Այնպես, օրինակ, ինչպես դա տեղի ունեցավ Ազգային ժողովի հանձնաժողովների հետ: Եթե դրանք լինեին 8, ապա ՀՀԿ-ին կհասներ հանձնաժողովի 5 նախագահի տեղ՝ ներկայիս 6-ի փոխարեն: Եթե լինեին 10, ապա հանձնաժողովի մեկ պաշտոն կհասներ «Ելքին»: Հետևաբար «օպտիմալ» թիվը 9 է, քանի որ այդ դեպքում ՀՀԿ-ն ստանում է առավելագույնը, իսկ «Ելքին» ոչինչ չի հասնում: Ահա և ամբողջ թվաբանությունը: Մնացած «պետականաշինական» և «պատմափիլիսոփայական» բացատրությունները պարզապես մտավարժանքներ են: Իհարկե, ոչ մի «սարսափելի» բան տեղի չէր ունենա, եթե հանձնաժողովների ՀՀԿ֊ական նախագահների թիվը լիներ 5, կամ՝ եթե հանկարծ «Ելքի» ներկայացուցիչը դառնար խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Հաստատ ղրանից իշխող կուսակցության հիմքերը չէին սասանվի, բայց այստեղ գործում է ոչ թե քաղաքական, այլ՝ «կարո՞ղ ա պատահի՝ մենք տենց տղերք ենք» տրամաբանությունը:

Հիմա եկել է կառավարության «օպտիմալացման» հարցը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի գաղտնի է՝ հրմշտոցը տեղի է ունենում «գորգի տակ»: Արդյունքների մասին մեզ տեղյակ կպահեն՝ համապատասխան հիմնավորումներով: Կառավարության կառուցվածքն այնքան է փոխվել և այնպիսի հիմնավորումներով, որ մեզ արդեն ոչնչով չես զարմացնի: Ֆինանսների նախարարությունը չէր կարելի միացնել հարկայինի և մաքսայինի հետ՝ դա ակնհայտ էր: Բայց այն ժամանակ պետք էր գերլիազորություններ տալ Գագիկ Խաչատրյանին, որը, կարելի է ասել, մեր «ամենաթափով» օլիգարխներից է: Եվ հակառակը՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները կարող էին միաձուլված մնալ, բայց երբ պետք եղավ տեղ բացել Դաշնակցության համար, այդ երկու ոլորտները տարանջատվեցին:

Թե ինչու «կառավարության աշխատակագմի ղեկավար-նախարար» պաշտոնը քաղաքականից կդառնա հայեցողական՝ նույնպես կարելի է ենթադրել՝ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է այլ պաշտոնի, նրա տեղը զբաղեցնելու է ավելի շարքային մի չինովնիկ: Բայց եթե պետք լինի որևէ մեկին պաշտոն տալ, աշխատակազմի ղեկավարի աշխատանքը դարձյալ հույժ կարևոր քաղաքական նշանակություն է ստանալու»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել