Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել