Նվազագույն աշխատավարձ կսահմանվի, ուսուցիչների աշխատավարձերը կվերանայվեն. Լևոն ՄկրտչյանYerkir.am-ը գրում է.
Կառավարության` մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց ֆինանսների նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձև:

Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Մկրտչյանը նշեց, որ այսօրվա ֆինանսավորման բանաձևից շահում են միայն մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցները, նաև` քիչ թվով աշակերտներ ունեցողները, և համակարգում բացեր են մնում:

«Այսօր դպրոցները ֆինանսավորվում են` աշակերտների թվից ելնելով, և շահում են փոքր` 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցները, քանի որ կոնկրետ ֆինանսավորում են ստանում` անկախ աշակերտների թվից, և, բնականաբար, մի քանի հարյուր աշակերտներ ունեցողները: Սակայն մեր դպրոցների զգալի հատվածի աշակերտների թիվը 100-500-ի տիրույթում է, և այստեղ ֆինանսավորման բանաձևը սկսում է չաշխատել, և այդ դպրոցները թերֆինանսավորում են ունենում: Մարզպետերը ստիպված վերաբաշխում են կատարում և ինչ-որ տեղից ավելացած գումարները տեղաբաշխում են այստեղ: Հիմա մենք նոր բանաձև ենք մշակել և ֆինանսների նախարարության հետ կսկսենք աշխատել, որպեսզի ֆիքսենք ուսուցիչների բազային դրույքը»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ նրա` երբ ուսուցչի աշխատավարձը կապում ես աշակերտների թվի հետ, ստացվում է` նույն դրույքով ու նույն ժամաքանակով աշխատող ուսուցիչը Երևանում ստանում է մի գումար, իսկ մարզի ուսուցիչը` մեկ այլ գումար, քանի որ մարզերում աշակերտների թիվը քիչ է, և այս շարժունակությունը քանդում է դրույքով ֆինանսավորման սկզբունքը: Լուծումը, ըստ Մկրտչյանի, կլինի այն, որ իրենք ուսուցչի համար սահմանեն բազային ֆինանսավորման նվազագույն շեմ, և ըստ աշակերտների թվի` այն կարող է ավելանալ, բայց ոչ` պակասել: «Նման կերպ դպրոցներն էլ շարժառիթ կունենան, որ իրենց աշակերտների թիվն ավելանա:  Պետք է հավասար պայման ստեղծվի, և նվազագույն աշխատավարձ սահմանվի, քանի որ ուսուցիչը մեղավոր չէ, որ, ասենք, մտնում է «Ֆիզիկա» դասավանդելու մի դասարանում, որտեղ 10 երեխա է` մարզերի դեպքում, իսկ քաղաքում` 30 երեխա: Դրա համար էլ մենք ֆինանսավորման բանաձև ենք փորձում գտնել»,- ասաց Մկրտչյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել